Բուլղարիան, Հունաստանը և Ռումինիան ռազմական միջանցք կստեղծեն ՆԱՏՕ-ի արևելյան թևում
Բուլղարիայի, Հունաստանի և Ռումինիայի պաշտպանության նախարարները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են մտադրությունների նամակ՝ ստեղծելու ընդհանուր ռազմական նյութատեխնիկական միջանցք՝ դաշինքի արևելյան թև զորքերի օպերատիվ տեղափոխման համար: Այս մասին հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
«Բուլղարիայի և Ռումինիայի իմ պաշտոնակիցների՝ պարոն Աթանաս Զապրյանովի և պարոն Անջել Տիլվարի հետ մենք ստորագրեցինք մտադրությունների նամակ՝ ստեղծելու ռազմական շարժունակության ներդաշնակեցված միջանցք», – ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը X սոցիալական հարթակում:
Նա հավելել է, որ նախարարներն աշնանը կհանդիպեն Ալեքսանդրուպոլիս քաղաքում՝ քննարկելու այդ նախագծի իրականացման հարցը։
Հուլիսի 8-ին հունական Kathimerini թերթը հաղորդել էր, որ ռազմական միջանցքը, ենթադրաբար, ռազմական ցանցի մեջ կմիավորի ռազմավարական նշանակություն ունեցող չորս նավահանգստային քաղաքներ՝ Սալոնիկը, Ալեքսանդրուպոլիսը, Վառնան և Կոնստանտինիցան: Դա պետք է դաշինքի երկրներին թույլ տա արագ ռազմական ուժեր տեղափոխել «Եվրոպայի ներսում և նրա սահմաններից դուրս»։
Հունիսի 4-ին բրիտանական The Daily Telegraph թերթը գրել էր, որ ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել մի քանի ցամաքային միջանցք դաշինքի զորքերի արագ տեղափոխման համար՝ ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում: Ենթադրվում է, որ անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան փոխարինել հիմնական միջանցքին, որը ենթադրում է ամերիկյան զորքերի ափհանում Ռոտերդամի նավահանգստում և երկաթուղով դրանց արագ տեղափոխում Լեհաստան՝ Նիդեռլանդների և Գերմանիայի տարածքով: