«Ո՞րն է այդ կասկածելի, խիստ համեստ էֆեկտի համար այդպիսի անհամեստ ֆինանսա-տնտեսական մեծ ծախսի իմաստը». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարզվում է, մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը կարող է տևել մինչև 2030, 2031, նույնիսկ 2032 թվական:

Առկա է պարզ հարց: Այդ կայարանի շինարարությունը ենթադրելու է ահռելի ֆինանսա-տնտեսական և մարդկային ռեսուրսի ներգրավում, փաստորեն՝ հնարավոր է մինչև 8 տարի ժամկետով: Եվ դեռ հարց է, թե արդյո՞ք հենց ութ տարի: Իսկ այդ ամենն ընդամենը մետրոյի մեկ կայարանի համար, որի ենթակառուցվածքային էֆեկտը Երևանում տրանսպորտային, երթևեկության բեռնաթափման խնդիրների հարցում մեղմ ասած կասկածելի է

Ըստ այդմ առաջանում է նույնքան պարզ մեկ այլ հարց, թե ո՞րն է այդ կասկածելի, խիստ համեստ էֆեկտի համար այդպիսի անհամեստ ֆինանսա-տնտեսական, մարդկային, ժամանակային ռեսուրսային մեծ ծախսի իմաստը:

Իսկ «իմաստը» պարզ է՝ քանի որ 2018-ին հանրահաճության համար արվել է Աջափնյակի մետրոյի մասին հայտարարություն, պետք է գնալ դրա հետևից «ինչ գնով էլ լինի»:

Սա մի ցցուն օրինակ է, թե ինչ որակով է իրականացվում Հայաստանում կառավարումը, պլանավորումը, հաշվարկը:

Մինչդեռ, այդ ակնհայտորեն անհամամասն ծախս-արդյունք ծրագրի փոխարեն, հնարավոր էր այդ ռեսուրսները ուղղել առավել կարևոր ու հրատապ, գուցե նվազ հնչեղ ու համեստ, բայց անհամեմատ ավելի արդյունավետ ՕԳԳ ունեցող ծրագրերի իրականացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս