Դավիթ Տոնոյանի բարձրացրած խնդիրները համակարգային բնույթի են, լուծումը՝ օրենսդրական կարգավորման տիրույթում. ՄԻՊ-ն անհրաժեշտ դեպքում լուծումներից կխոսի հրապարակային

Հունիսի 20-ին 168.am-ը հարցում էր ուղարկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հետևյալ հարցադրումներով.

1.Ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը քրեակատարողական հիմնարկից դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` պահանջելով հանդիպում անձամբ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:

«Ե՛վ գործը քննող դատարանը, և՛ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները, ուշադրություն դարձնելով դատավարական հարցերին, անտեսում են իրավունքի, մասնավորապես անձի ազատության սահմանադրական իրավունքի խնդիրները, ինչը հետևանք է գործող քրեադատավարական օրենսդրության և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի հետևողական անտեսման: Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան զեկույցում մանրամասն անդրադարձ էր կատարվել կալանքի` որպես բացառիկ խափանման միջոցի շարունակականության խնդրին:

Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու որոշումս պայմանավորված է նաև բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելուց առաջ իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու կոնվենցիոն պահանջը»,-նշել էր Տոնոյանը:

Կարդացեք նաև

Այս հայտարարությունից հետո տեղի էր ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի և ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանդիպումը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանը հայտնել էր, որ ներկայացված խնդիրները թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը, և որ ստացված տեղեկությունները ամբողջականացնելուց եւ ամփոփելուց հետո իր մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ կհասցեագրի և կփորձի դրանց ուղղությամբ լուծումներ գտնել։

Ըստ այդմ՝ խնդրում ենք մանրամասնել, թե փուլում է այս գործընթացը, ինչ եզրահանգման է եկել ՄԻՊ-ը, արդյո՞ք խնդիրները հասցեագրվել են, գտնվել լուծումներ: Այսինքն, ինչ փուլում է Դավիթ Տոնոյանի բողոք-առաջարկների քննությունը:

2. Դավիթ Տոնոյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել նաև զինվորականների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործերով ցուցաբերվող խտրական մոտեցման հարցերի: Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ ինչ կարող է հայտնել, փորձ արվե՞լ է ծանոթանալ զինվորականների դեմ տարբեր քրեական գործերին:

Մեր հարցադրմանն ի պատասխան հունիսի 26-ին ուղարկած իր գրության մեջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախ նշել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ամրագրված է դատական վարույթին Պաշտպանի կողմից միջամտելու արգելք:

«Այդ հանգամանքն ի նկատի ունենալով՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց անձի նկատմամբ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումների վերաբերյալ անհատական բողոքները Պաշտպանի կողմից քննարկման առարկա չեն դարձվում։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով ամենախիստ խափանման միջոցի կիրառելիության դինամիկան, ինչպես նաև այն, որ կալանքը ամենալուրջ միջամտությունն է ենթադրում անձի անձնական ազատության իրավունքին՝ կալանքի կիրառման հետ կապված համակարգային հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի ուշադրության ներքո, այդ թվում՝ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում պրակտիկայի ամփոփման համար պատասխանատու մարմիններից կալանքի կիրառելիության վերաբերյսլ տեղեկություններ ստանալու դրա հիման վրա խնդիրները հասցեագրելու համատեքստում։

Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու խնդրահարույց պրակտիկայի ամփոփմամբ, Պաշտպանը ողջունելի է համարել այն, որ Եվրոպական դատարանի, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների նախադեպային իրավունքում ամրագրված դիրքորոշումներն իրացվել են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում։

Միևնույն ժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարել այլընտրանքային խափանման միջոցների համեմատությամբ նշված խափանման միջոցի կիրառման լայն տարածում ունեցող պրակտիկան և ընդգծել, որ անհրաժեշտ է համակարգային քայլեր ձեռնարկել օրենսդրական կառուցակարգերի լիարժեք կենսագործման, նվազագույնի սկզբունքով առաջնորդվելու և կալանք խափանման միջոցի՝ որպես բացառիկ միջոց կիրառելու, կալանքի շարունակականության պրակտիկան միջազգային և ներպետական դատական ատյանների չափանիշներին համահունչ դարձնելու, հիմնավոր և բավարար հիմքերի բացակայության պայմաններում կալանքի կիրառման դեպքերը բացառելու և կալանքի տակ գտնվող անձանց մասնակցությամբ քրեական վարույթներն առաջնահերթ քննելու ուղղությամբ պատշաճ ջանասիրություն դրսևորելու նպատակով։ Այս չափանիշների հաշվառումը կարևոր է և բարձրաձայնվել է նաև նշված գործի տեսանկյունից։

Դավիթ Տոնոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպման արդյունքներով, վերջինիս կողմից իր խնդիրները բարձրացնելուց անմիջապես հետո, Պաշտպանի աշխատակազմում իրականցվել է ուսումնասիրություն, որի շրջանակներում պարզվել է, որ նշված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և դրանց լուծումն, այդ թվում՝ օրենսդրական կարգավորման տիրույթում է։ Այդ առումով Պաշտպանն արդեն իսկ վարել է համապատասխան հաղորդակցություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր լուծումների առնչությամբ Պաշտպանը կխոսի հրապարակային»,-մանրամասնել է ՄԻՊ աշխատակազմը:

Ինչ վերաբերում է մեր հարցման երկրորդ մասին՝ իրավակիրառ պրակտիկայում կոնկրետ դեպքերով դատական գործերի առնչությամբ գնահատականների տրամադրմանը, ՄԻՊ աշխատակազմի գրության մեջ նշվում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով հստակ սահմանվում է՝ Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով։

«Մնացյալ հարցերին Պաշտպանն անդրադառնում է իր մանդատի շրջանակներում, իսկ հրապարակային տեղեկատվություն տրամադրվում է, եթե աոկա չէ խորհրդապահության սկզբունքի պահպանման անհրաժեշտություն»,-ամփոփվում է գրությունը:

Տեսանյութեր

Լրահոս