«Մենք որևէ տեղեկություն չունենք, այս պահին չենք կարող ասել՝ Շիրազի՞ դին է, թե՞ ոչ». Փոքր Մասրիկի գյուղապետ

Այսօր առավոտյան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքները։

168.am Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի գյուղապետ Սարգիս Նշանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք թշնամու փոխանցած դիակ-մասունքների մեջ է Շիրազ Խաչատրյանի դին, որ նահատակվել էր 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ։

Ինչպես հարազատներն էին պնդում, Շիրազ Խաչատրյանի դին մնացել է Կուտականի դիրքերում, սակայն թշնամին թույլ չէր տալիս այն հանել։

Սարգիս Նշանյանը փոխանցեց, թե որևէ տեղեկություն իրենց չեն փոխանցել։

Կարդացեք նաև

«Մենք որևէ տեղեկություն չունենք, դեռ մեզ որևէ բան չեն ասել։ Շիրազի կնոջ հետ էլ եմ խոսել, նրան էլ որևէ տեղից չեն զանգահարել, ուստի այս պահին չենք կարող ասել՝ Շիրազի՞ դին է, թե՞ ոչ։

Պետք է սպասենք, գուցե ինչ-որ բաներ կան պարզելու, պարզելու են, այնուհետև զանգահարեն։ Բոլորս էլ հույսով սպասում ենք»,- եզրափակեց Սարգիս Նշանյանը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը գտնվում էր Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի և ադրբեջանական դիրքերի միջև ընկած չեզոք գոտում, բայց չէին կարողանում դին դուրս բերել։

Շիրազ Խաչատրյանի կինը՝ Մարիամ Ղարագոզյանը, ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ  թակել է հնարավոր բոլոր դռները, որպեսզի կարողանան ամուսնու դին հանել չեզոք գոտուց ու հուղարկավորել, սակայն ապարդյուն։ Մարիամն այսօր անելանելի վիճակում էր, չգիտեր՝ ինչ անել, էլ ում դիմել, որ գոնե ամուսնու մասունքները հանեն ու իրեն տան։

«Որևէ պատասխան որևէ մեկից չեմ ստացել, այդպես սպասում եմ, ինձ նույնիսկ ամուսնուս մասունքը չբերեցին, ոչ էլ հույս են տալիս, որ կբերեն։ Մշտապես գնացել եմ Շիրազի զորամաս, ինձ ասում էին՝ խոտը բարձր է, որևէ բան չի երևում, հետո ասում էին՝ ձյուն է, ու այդպես՝ մինչև հիմա, տարբեր ժամանակներում տարբեր պատասխաններ են տվել։ Հանդիպել եմ մարզպետի, քաղաքապետի հետ, բայց որևէ մեկը հույս չի տվել, ասել են՝ թուրքը թույլ չի տալիս մտնենք այդ տարածք, ու վերջ»:

Այն ժամանակ մեզ հետ զրույցում Մարիամ Ղարագոզյանն ասել էր, որ դիմել է նաև «Կարմիր խաչին», և կրկին արդյունք չի տվել.

«Կարմիր խաչի» հետ վաղուց եմ խոսել, ասել են, որ գրություն են ուղարկել Ադրբեջան, սակայն այնտեղից պատասխանել են, որ Շիրազ Խաչատրյան անուն-ազգանունով հայ գերի չկա Բաքվում։ «Կարմիր խաչից» ասացին, որ երբ թույլ տան, այդ ժամանակ կմտնեն չեզոք գոտի։ Մենք վստահ ենք, որ այնտեղ Շիրազի մարմինն է»,- ասել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս