Ընտրություններում աջերի հաղթանակն Ուկրաինային կզրկի Ֆրանսիայի աջակցությունից. Աթալ
Եթե Ֆրանսիայում ընտրություններից հետո իշխանության գան ծայրահեղ աջերը, դա կհանգեցնի նրան, որ Փարիզի կողմից Ուկրաինային զգալի աջակցությունը կդադարեցվի. այսպիսի մտավախություն է հայտնել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը։
Կառավարության ղեկավարն այսպես է մեկնաբանել «Ազգային միավորում» դաշինքի հավանական հաղթանակը հանրապետությունում երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Ըստ Աթալի՝ աջ ուժերի հաղթանակը կլինի «Ֆրեքզիթի սկիզբը»՝ Ֆրանսիայի դուրս գալը ԵՄ-ից, հայտնում է BFMTV-ն։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ Պատճառը, ըստ նախնական արդյունքների, Մակրոնի «Վերածնունդ» լիբերալ կուսակցության ծանր պարտությունն է ծայրահեղ աջական «Ազգային միավորմանը»։