Կալանավորվել է գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43–ամյա բնակիչ Կ․Պ․-ի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Արծվանիստ բնակավայրի հատվածում, դեպի Գեղարքունիքի մարզ ավտոերթի շրջանակներում, վարել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ տրանսպորտային միջոցը սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած վիճակում։
Հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցները, հայտնաբերելով նշված հանգամանքը, պահանջել են կայանել ավտոմեքենան, վարորդին հայտնել են իրավախախտման և դրա համար նախատեսվող համապատասխան իրավական նորմի բովանդակության մասին՝ պահանջելով մեքենան տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ վարորդը նախ հրաժարվել է կատարել պարեկային ծառայողների օրինական պահանջը, անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ։
Ապա, ավտոմեքենան դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ճանապարհին, Կ․Պ․-ն, վարելով ավտոմեքենան, ցանկանալով ընդգծել իր անձի կարծեցյալ առավելությունը, կրկին հայհոյանքներ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հասցեին, որից հետո իր բջջային հեռախոսի միջոցով՝ «Facebook» սոցիալական ցանցի իր էջով, միացրել է ուղիղ հեռարձակում և հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ, հրաժարվելով վարել մեքենան՝ կանգնեցրել է այն։ Պարեկային ծառայողների միջամտության արդյունքում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ Կ.Պ.-ն տեղափոխվել է Ոստիկանության բաժին։
Պարզվել է, որ վերջինս, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ։
Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու հիմնավոր կասկածով 43–ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: