Փաշինյանը քաղաքական դաշտում շուրջ 6 տարվա ընթացքի մեջ առաջին անգամն է, որ խաղում է երկրորդ, տեղ-տեղ` նաև երրորդ համարով. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Երկրում ոչ միայն քաղաքական օրակարգը այլ նույնիսկ Փաշինյանի տեղաշարժը թելադրում և որոշում է բացառապես Սրբազան Շարժումը:

Այս շարժման քաղաքական անատոմիայի մեջ հենց սկզբից դրվել է անշտապ, համբերատար, մտածված մարտավարությամբ, փոքր և պերմանենտ հաղթանակներով առաջ գնալու մեթոդը: Սա կարող է դուր չգալ շատերին ովքեր մեկ հուժկու հանրահավաքով հարցեր լուծելու կողմնակից ամենագետներն են և վեց տարի է գիտեն, թե ինչ է պետք անել, բայց դեռ բան չեն արել: Ի տարբերություն դրան այս շարժումը ունի իր ներքին տրամաբանությունը, որի ամենակարևոր հանգամանքը մաքսիմալ ներառականությունն է ոչ միայն հակաիշխանական մոտիվներով , այլ նաև նոր հանրային մեծամասնության ձևավորման հիմքով, ինչը պրոցես է և ընթացք, ոչ թե մեկ հուժկու զարկի, այլ այդ հուժկու զարկի խելամիտ, հաշվարկված և էֆեկտիվ հասունացման:

Սրբազան շարժման գրավականը նաև նախորդ շարժումների սխալների հաշվառումն ու չկրկնումն է, ինչը հանգեցրել է նաև մեկ կարևոր հանգամանքի: Դեռ չկա մեծ հաղթանակ, բայց մի բան հստակ է, չկա նաև որևէ պլանավորման ձախողում, ինչը ռիսկային դաշտ կտանի շարժմանը:

Փաշինյանը քաղաքական դաշտում շուրջ վեց տարվա ընթացքի մեջ առաջին անգամն է, որ խաղում է երկրորդ՝ տեղ տեղ նաև երրորդ համարով: Նա որևէ կերպ այս ընթացքում օրակարգ թելադրող չէ, օրակարգը, թե ինֆորմացիոն, թե քաղաքական, թե հանրային և, թե ազդեցիկության և սպասումների առումով թելադրվում է Սրբազան Շարժման կողմից, իսկ դա նրա համար հավատացեք բեկումնային հարված է: Նրա բոլոր որոշումներն այլևս սկսած իր տեղաշարժից, խոսույթից, թիմի ղեկավարումից և վերջացրած սեփական քաղաքական վարքաբանությունից կախման մեջ է ոչ թե իր կամքից, նպատակահարմարությունից, այլ շարժման կողմից նրա առաջ դրված պայմաններից և խաղի կանոններից: Նա ոչ միայն երկրորդ համարով է խաղում քաղաքական դաշտում, այլ նաև դարձել է իր նկատմամբ ծավալվող պրոցեսներին զգուշորեն և վախով դիմադրող:

Խաղը շուռ է եկել և մարման վտանգը սպառնում է ոչ թե անշտապ և համբերատար առաջին համարով ճնշողին, այլ երկրորդ համարով ճնշվողին, որքան էլ նա փորձի ձև անել, թե չի ճնշվում՝ այնուամենայնիվ ծանր շնչառությունն ու ձախողումների շարքն ակներև է:

P.S. Այսօրվա տոնը չեմ շնորհավորի, կշնորհավորեմ, երբ գործենք և ավարտենք ու վերադարձնենք տոնի ու շնորհավորանքի իրավունքն ու պատիվը, ինչը մոտ է»:

Տեսանյութեր

Լրահոս