3000 ֆուտբոլային երկրպագուի ավիատոմսի համար կվճարի Վրաստանի կառավարությունը
Վրաստանի կառավարությունը սուբսիդավորելու է Թբիլիսիից և Քութայիսիից ավիատոմսերը դեպի Գերմանիայի այն քաղաքներ, որտեղ Վրաստանի ֆուտբոլի հավաքականի մասնակցությամբ ընթանալու է Եվրոպայի առաջնությունը։ Ըստ aliq.ge-ի՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստից առաջ հայտարարել է, որ խոսքը 3000 տոմսի մասին է։
Խաղին հարմարեցված չարտերային չվերթով Վրաստանից թռիչքը կարժենա 195 եվրո, վերադարձի գինը նույնն է։ Ընդհանուր առմամբ` 390 եվրո։
Գերմանիայում Վրաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերն ընթանալու են.
- հունիսի 18-ին Դորտմունդում` Թուրքիայի դեմ,
- հունիսի 22-ին Համբուրգում՝ Չեխիայի դեմ,
- հունիսի 26-ին Գելզենկիրխենում` Պորտուգալիայի դեմ։
«Վրաստանի քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ավիատոմսերը` ներկայացնելով ֆուտբոլային խաղի տոմսերը, որոնց վաճառքը կմեկնարկի մի քանի օրից»,- ասել է Կոբախիձեն։
Տեղեկության համաձայն՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Գերմանիա մեկնելու համար կֆինանսավորվի մոտավորապես 2000 տոմս, ևս 1000 տոմս՝ Քութայիսիից։