Բաժիններ՝

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել նախագահ Ռայիսիի և նրան ուղեկցող պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ցավակցությունն է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ և երկրում հնգօրյա սուգ է հայտարարել։ Այս մասին այաթոլլա Խամենեին հայտարարություն է տարածել։

«Ես հայտարարում եմ 5-օրյա սուգ և իմ ցավակցություններն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին», – Խամենեիի հայտարարությունից մեջբերում է IRNA գործակալությունը։

Իրանի գերագույն առաջնորդը նաև հայտարարել է, որ համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կստանձնի նախագահի պարտականությունները և առավելագույնը 50 օրվա ընթացքում կկազմակերպի նոր ընտրություններ՝ դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ միասին։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս