Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Շվեյցարիան պարզեցնում է խաղաղությունը պահպանելու համար ԵՄ-ի ռազմական առաքելություններում իր բանակի մասնակցության վարչական ընթացակարգերը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի Դաշնային խորհրդի հայտարարությունը։
«Շվեյցարիան շահագրգռված է ճգնաժամային տարածաշրջաններում խաղաղությանը և կայունությանը նպաստելու գործում: 2024 թ. մայիսի 15-ի իր նիստում Դաշնային խորհուրդը որոշել է հստակեցնել ռազմական առաքելություններին և ԵՄ-ի գործողություններին (շվեյցարական զինվորականների) մասնակցության պայմանները, որոնք ուղղված են ճգնաժամերի կարգավորմանը և խաղաղության աջակցմանը, ինչպես նաև այդ բնագավառում վարչական համագործակցության դյուրացմանը»,- ասված է փաստաթղթում։
Այսպիսով, Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է ԵՄ-ի ռազմական գործողություններում երկրի զինված ուժերի մասնակցության վերաբերյալ ստանդարտ կոնվենցիան՝ «ընթացիկ իրավիճակին արձագանքելու, միջազգային համագործակցությունն ակտիվացնելու և խաղաղությունը պահպանելու նպատակով ռազմական առաքելություններին օժանդակելու համար»։
Հստակեցվում է, որ նման կոնվենցիան Շվեյցարիայի վրա որևէ պարտավորություն չի դնում՝ մասնակցելու ԵՄ-ի քաղաքացիական կամ ռազմական առաքելությանն ու գործողությանը նրա ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։
«Շվեյցարիան ինքնուրույն է որոշում ընդունում՝ արդյոք ցանկանում է որևէ ներդրում կատարել՝ հաշվի առնելով այս բնագավառում իր առաջնահերթությունները և բանակի մասին օրենքով սահմանված պայմանները», – նշվում է հայտարարության մեջ։