Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է
Բրազիլիայի հարավում հեղեղումների պատճառով զոհվել է 107 մարդ, իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 000-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռիու Գրանդի դու Սուլի նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Տեղական ժամանակով մայիսի 9-ի ժամը 18:00-ի տվյալներով՝ 327 105 մարդ ստիպված է եղել լքել տները, ապաստարաններում տեղավորված է 68 519 մարդ: Ընդհանուր առմամբ, հեղեղումներից տուժել է 1,7 մլն մարդ։
Վերջին հաշվետվության համաձայն՝ զոհվել է առնվազն 107, վիրավորվել և վնասվածքներ է ստացել 754 մարդ։ Անհայտ կորած է 134 բնակիչ:
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ Ռիու Գրանդի դու Սուլի քաղաքների հիվանդանոցները դադարեցրել են ոչ անհետաձգելի վիրահատությունները։
Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևներն սկսվել են անցյալ շաբաթվա սկզբին: Տարածաշրջան է այցելել նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան: