Բաժիններ՝

Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել

Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ապահովման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և ֆինանսների նախարարություն՝ ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների։

Ինչպես տեղեկանում ենք Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, թվով 7 դիմումները ներկայացվել են Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ներգրավմամբ։

«Այս դիմումներն ուղղակի արձագանք են արցախյան պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններին և մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց գագաթնակետն Արցախի էթնիկ զտումն էր և բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով այս գործերի ներկայացմանը՝ Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը նկատել է․

«Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար արդարադատության իրականացմանը։ «Մագնիցկու գլոբալ ակտի» շրջանակում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարուցմամբ՝ մենք նպատակ ունենք մեղավորներին պատասխանատվության ենթարկել իրենց գործողությունների համար և ապահովել արդարադատության իրականացումը»։

Հայկական իրավական կենտրոնը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց դեմ՝ ներառյալ ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Կենտրոնն ընդգծել է՝ ԼՂ հայության, Հայաստանի և ողջ հայության դեմ իրականացված վայրագությունները պահանջում են արագ և հաստատակամ արձագանք՝ արդարադատության ապահովման և ապագա վայրագությունների կանխման համար:

Հաշվի առնելով ամերիկյան օրենսդրությամբ նախատեսված՝ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ընթացակարգերի բարդ բնույթը և իրավաքաղաքական համապատասխան գործընթացների ապահովման հրամայականը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից անցնող ամիսների ընթացքում ձեռնարկվել են ԱՄՆ պետդեպարտամենտի վրա կոնգրեսական ճնշման ապահովմանն ուղղված գործողություններ, որոնք զուգորդվել են այս աշխատանքներում նաև ամերիկահայ համայնքի ներգրավմամբ և կոնգրեսականների հետ համայնքային աշխատանքով։

Այդ աշխատանքի առաջին արդյունքը հայտնի դարձավ արդեն նախորդ շաբաթ, երբ շուրջ 20 օրենսդիրների երկկուսակցական խումբը՝ Դինա Տիտուսի և Գուս Բիլիրակիսի առաջնորդությամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրեց ադրբեջանցի նույն պաշտոնյաների դեմ թիրախային պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի նախագիծ։

Առաջարկվող օրինագիծը Բայդենի վարչակազմին պարտավորեցնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայում իրականացնել, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում՝ պարզել, թե արդյոք օրինագծում թվարկված ադրբեջանցի պաշտոնյաները համապատասխանում են ԱՄՆ գործող օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների չափանիշներին, այդ թվում՝ «Մագնիցսկու գլոբալ պատժամիջոցների» ակտին և հարակից այլ իրավակագրավորումներին:

Օրինագծում նշված ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների ցուցակը կազմել է Հայկական իրավական կենտրոնը՝ համագործակցելով «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» իր գործընկերների հետ, որոնք ստուգել են նշված անձանց մեղսակցությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ կատարելու գործում։

«Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» ակտը, որն ընդունվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից 2016թ․, ԱՄՆ կառավարությանը լիազորում է վիզային արգելքներ և ակտիվների սառեցում սահմանել օտարերկրյա պետական պաշտոնյաների և անհատների նկատմամբ, ովքեր պատասխանատու են խոշորամասշտաբ կոռուպցիայի կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Վաշինգտոնում տեղակայված Հայկական իրավական կենտրոնը շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է արդարադատություն իրականացնել Հայոց ցեղասպանությունից ու դրա հետևանքներից բխող մարդու իրավունքների խախտումների համար, նպաստել հայկական պետականության անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս