Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել ու նրա նկատմամբ բռնություն գործադրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից 2024 թ․ ապրիլի 24-ին Քննչական կոմիտե հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցը, ապրիլի 24-ին ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի վայրում ծառայություն իրականացնելիս, մոտեցել է նշված հատվածում երթևեկելի ճանապարհը փակած անձանց և հասարակական կարգը պահպանելու, երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու նպատակով, պահանջել բացել ճանապարհը։

Սակայն, ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջին, վերջինիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք։ Կնոջը պարեկային ծառայության մեքենային մոտեցնելու նպատակով, ոստիկանության աշխատակիցը մոտեցել է նրան, ինչից հետո վերջինս ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել հիշյալ պաշտոնատար անձի մարմնի տարբեր հատվածներին։ Ակցիայի մյուս մասնակիցների մոտենալուց հետո կինը հեռացել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը առերևույթ միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն նշված անձի ինքնությունը պարզելու, նրան վարույթն իրականացվող մարմին ներկայացնելու վերաբերյալ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս