Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ իշխանությունների կողմից.ՊԶԿ

Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են։ Այս մասին հայտարարություն է տարածել Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը։

«Նրանց ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ գործող իշխանությունների կողմից: Այսպես՝ սույն թվականի մարտի 22-ին Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին՝ խուլիգանության հանցակազմի հիման վրա, իսկ նրանց բերման ենթարկելու գործընթացը զուգորդվեց անձի արժանապատվությունն ու անձնական անձեռնմխելիությունը նվաստացնող ուժի կիրառմամբ՝ ծայրահեղ անհիմն ու անհամաչափ բռնությամբ:

Սամսոնյանին և Սաղաթելյանին վերագրվող արարքի իրավական գնահատականը

Համաձայն հարուցված քրեական հետապնդման Սամսոնյանին և Սաղաթելյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքով 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմը, այն է՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով:

Անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ նշված հանցակազմի խմբագրությունը իշխող քաղաքական ուժի կողմից 2021 թվականի հուլիսին ՀՀ նախկին քրեական օրենսգրքում լրացված, ապա միջազգային ճնշման ներքո հանված հանրահայտ «Ծանր վիրավորանքի» հանցակազմի պարզունակ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է, որը նպատակն ունի կամայական ձևով պատժել իշխանության հասցեին քննադատական խոսք հնչեցնող քաղաքացիներին:

Նշված պարզ օրենսդրական հնարքների արդյունքում իշխող քաղաքական ուժն առերևույթ փորձել է մի կողմից խուսափել խոսքի և տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքների մասով միջազգային կառույցների կողմից իրեն վերագրվող պահանջից, մյուս կողմից՝ շարունակել քրեաիրավական գործիքակազմի օգնությամբ պատժել իր հասցեին քննադատական խոսք հնչեցնող ընդդիմադիրներին:

Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանավորումը նշված նպատակի առերևույթ ապացույց է

Ավելին, այս հանցակազմի նման մեկնաբանությունն ուղղակի հակասության մեջ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկային, համաձայն որի՝ պաշտոնատար անձանց նկատմամբ քննադատական խոսքի թույլատրելի սահմաններն անհամեմատ ավելի լայն են»։

Տեսանյութեր

Լրահոս