ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ
Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը և Ճապոնիան եռակողմ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել ամերիկյան ավիակիրի մասնակցությամբ՝ Հյուսիսային Կորեայի կողմից «հրթիռա-միջուկային սպառնալիքի» ֆոնին։
Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի կայքը։
«Զորավարժությունները նպատակաուղղված էին Հյուսիսային Կորեայի կողմից աճող հրթիռային և միջուկային սպառնալիքի հակազդման՝ երեք երկրների համատեղ ներուժի բարելավմանը», – հայտարարել են Սեուլում:
Հարավային Կորեան նշել է, որ զորավարժություններն անցկացվել են եռակողմ զորավարժությունների երկարաժամկետ պլանին համապատասխան, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել 2023 թվականին։
Զորավարժությունները տեղի են ունեցել ապրիլի 11-12-ը միջազգային ջրերում՝ Հարավային Կորեայի Չեջուդո կղզուց հարավ։ Դրանց մասնակցել է վեց նավ, այդ թվում՝ ամերիկյան Theodore Roosevelt ատոմային ավիակիրը։
Հարավային Կորեան և Ճապոնիան ուղարկել են մեկական էսկադրային ականակիր՝ Aegis համակարգով, իսկ Միացյալ Նահանգները՝ Arleigh Burke դասի երեք էսկադրային ականակիր: