Միայն Ազատության հրապարակ. պնդում է «Ժառանգությունը»
Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի երկխոսության համար Ազատության հրապարակից հարմար վայր չկա: Այս մասին այսօրվա բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարև Երևան» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Փոխզիջման ոչ մի խնդիր գոյություն չունի: Մեր առաջարկներն արդեն ամբողջական ներկայացրել ենք, այդ առաջարկները փոփոխման այլևս ենթակա չեն: Եթե որևէ կետ այդ առաջարկների մեջ փոփոխվի, ինչպես ասաց պարոն Հովհաննիսյանը, ապա համարժեք այլ առաջարկ պետք է արվի: Ինչ վերաբերում է վայրին, ես չեմ կարծում, որ մեր հայաստանյան ճգնաժամը լուծելու համար ավելի լավ վայր կա, քան Ազատության հրապարակը»,-հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, այս հրապարակը խորհրդանշական է եղել դեռևս 1965թ-ից, երբ Ցեղասպանության 50-ամյակին քաղաքացիները հավաքվեցին այստեղ: Նա պնդեց նաև, որ հրապարակը բավական մեծ է և հանդիպման վայրեըր կարող են բազմաթիվ լինել: «Միայն Ազատության հրապարակ»,-շեշտեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որ նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում: