«Մեդլայնի» գործով մեղադրվող «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Մեկ տարի առաջ՝ այս օրերին, հայկական մեդիա տիրույթի թիվ մեկ նորությունը ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, ապա Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, «Մեդլայն կլինիկի» տնօրենի, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դեղակայուն բաժանմունքի ու ևս 8 այլ անձանց ձերբակալությունն էր, ապա, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ հիմնական դերակատարների կալանավորումը։
Ըստ մեղադրանքի՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլյոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։
«Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար… Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ»,- նշված էր Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Երեկ հայտնի դարձավ, որ արդարացման հիմքով վերացվել է ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը, որի մասին, բնականաբար, ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեն, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն չեն տարածել:
Այսինքն՝ հերթական անգամ ականատես եղանք, որ մարդուն հրապարակավ խայտառակ արեցին, սարքեցին կոռուպցիոներ, սակայն, երբ նա դատարանով արդարացվում է, տիրում է խորը լռություն: