Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
Սեուլում ավտոբուսների վարորդների արհմիության անդամները 12 տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով 12,7 %-ով բարձրացնել ժամավճարը։ Yonhap գործակալությունը հաղորդել է, որ չի աշխատել քաղաքի երթուղիների 97,6 %-ը։
Այնուհետև գործակալությունը հաղորդել է, որ գործադուլի մեկնարկից 11 ժամ անց վարորդները վերադարձել են աշխատանքի, քանի որ նրանց ներկայացնող արհմիությունը հասել է աշխատավարձի 4,48 %-ով բարձրացման, ինչպես նաև 482 ԱՄՆ դոլարի չափով արձակուրդի հավելավճարների սահմանման։
Արհմիությունն ունի շուրջ 18 000 անդամ 65 ընկերություններում, նրանց ակցիան ընդգրկել է ներքաղաքային երթուղիների 7 210 ավտոբուսներ, ինչը կազմում է մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմի 97,6 %-ը։ Մարտի 27-ից մինչև մարտի 28-ի առավոտ ընթացող բանակցությունները՝ ժամավճարը 12,7 %-ով բարձրացնելու շուրջ, արդյունք չէին տվել՝ հանգեցնելով գործադուլի։ Ի պատասխան ավտոբուսների աշխատանքի խափանման՝ իշխանությունները մեծացրել էին մետրոպոլիտենի աշխատանքի ինտենսիվությունը։
Հարավային Կորեայում ծանր իրադրություն է ստեղծվել նաև բժիշկների զանգվածային գործադուլի պատճառով։ Ավելի քան մեկ ամիս Հարավային Կորեայի մոտ 13 000 ինտերն բժիշկների և օրդինատորների շուրջ 90 %-ը բողոքում է բժշկական բուհերում տեղերի քվոտան ավելացնելու՝ կառավարության ծրագրի դեմ՝ հրաժարվելով աշխատանքի ներկայանալ: