«Բարև Երևան» դաշինքի անդամ գրադարանավարին ստիպել են ազատման դիմում գրել

«Ամենը մեր աչքի առաջ տեղի ունեցավ: Մեր իշխանությունների կողմից թույլ տված քաղաքական բացերը, կիքսերը, որ տեսել ենք այս տարիների ընթացքում, փորձում ենք ճկուն լուծումներ առաջադրել դուրս գալու վիճակից»: Այս մասին այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական բաց ֆորումի հերթական նիստի ժամանակ ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդ Մանուել Գասպարյանը:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա նամակին՝ Գասպարյանն ասաց, որ այն հուսադրող էր: «Այսօր դեռ գործող նախագահ Սերժ Սարգսյանը (մինչ օրս այդպես եմ իրեն համարում, մինչև որ Րաֆֆի Հովհաննիսյանը չստանձնի պաշտոնը) նամակով ցույց տվեց, որ իր թիմի պահանջներից զատ, խելամիտ լուծում է ուզում կայացնել: Իսկ մենք գիտենք, որ շատերը ինչ-որ պատառ փախցնելու նպատակով հայտնվել են այդ թիմում և Սերժ Սարգսյանին թույլ չեն տալիս խելամիտ լուծումներ անել»,- մասնավորեցրեց նա:

Մանուել Գասպարյանը հայտնեց, որ իր կուսակցության անդամներից մեկը, ով նաև «Բարև Երևան» դաշինքի կազմում է, սկսել է ենթարկվել ճնշումների: «Օրերս մեր կուսակցության անդամին, որ դաշինքի 18-րդ համարում է հայտնվել և ով աշխատում է «շատ բարձր պաշտոնում»՝ Քանաքեռ-Զեյթուն վարչատարածքին կից գրադարանավանում որպես գրադարանավար, 35 հազար դրամ աշխատավարձով, պահանջել են դիմում ներկայացնել աշխատանքից դուրս գալու համար,- պատմեց նա՝ ավելացնելով,- Միակուսակցական համակարգով պայմանավորված ճղճիմ կոմունիստական քաղաքական մոտեցումները հիմա փորձել են շարունակել ՀՀԿ բարձրադիր իշխանությունները»:

Մ. Գասպարյանի փոխանցմամբ, գրադարանի տնօրեն էլ ասել է, թե դա «վերևից եկած հրահանգ է»:

Տեսանյութեր

Լրահոս