«Հիշեք, որ հայրենիքի դավաճաններին բանտում, մեղմ ասած, չեն սիրում և վերաբերվում են այնպես, ինչպես բռնաբարության հոդվածով նստածներին». Նարեկ Մալյան

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ մեր երկրում քաղաքականությունն անցնում է հիստերիկ ռեպրեսիաներով և բանտով, ես՝ որպես ավելի քան կես տարի բանտում գտնվող քաղբանտարկյալ, մի քանի օգտակար խորհուրդ եմ առաջարկում բանտի ճանապարհը բռնած, մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին:

1. Բանտում գտնվող այլ գործերով կալանավորները ձեր գործունեությունից լավ տեղյակ են և բոլոր կողմերից առաջարկելու են իրենց օգնությունը և հոգատարությունը:

2. Հիշեք, որ հայրենիքի դավաճաններին բանտում, մեղմ ասած, չեն սիրում և վերաբերվում են այնպես, ինչպես բռնաբարության հոդվածով նստածներին, իսկ հայրենիքի համար պայքարողներին ամենուր հարգում են:

3. Բանտում հանձնուքը սահմանափակված է՝ շաբաթական 20 կգ:

4. Արգելվում են բոլոր մետաղական կամ ապակյա իրերը (օրինակ՝ շշեր): Ամեն ինչ կալանավորին փոխանցվում է պլաստիկ տարաներով:

5. Կալանքի առաջին 7 օրն անցնում եք կարանտին՝ սովորաբար «չոր» մենախցում: Ձեզ կզննեն, մատնահետքեր կվերցնեն, կտեղորոշեն ձեր հետագա կալանքի անցկացման հիմնական խուցը:  7 օրից կտեղափոխվեք հիմնական խուց:

6. Խնդրեք, որ ձեզ հանձնուքի հետ 2-3 գիրք ուղարկեն: Կարանտինի ընթացքում ժամանցի միակ տարբերակն ընթերցանությունն է:

7. Իրավունք ունեք պահանջել մենախուց կամ կալանքը կրել ընդհանուր խցում: Երկու տարբերակն էլ հավասարաչափ ընդունելի է և ունի առավելություններ:

8. Օրական մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեք:

9. Բանտապահ հսկիչները սովորաբար հարգալից են և ապաքաղաքական: Առիթի դեպքում՝ ձեր իրավունքները բարձրաձայնեք, սակայն առանց առիթի կոնֆլիկտներ չստեղծեք:

10. Բանտախցում ամեն ինչ ընդհանուր է՝ սուրճ, թեյ, ծխախոտ, ուտելիք: Բոլորը բոլորի հետ սիրով կիսվում են ամեն ինչով:

11. Բանտից որևէ իր դուրս ուղարկելը չի խրախուսվում: Հակառակը միշտ ողջունվում է:

12. Իշխանության գրպանի ՄԻՊ-ը երբեք չի այցելում քաղբանտարկյալներին: Մենք էլ արհամարհում ենք ՄԻՊ-ին:

Վերջում մաղթում եմ կամք, տոկունություն, համբերություն: Ապօրինություններից աշխատեք չնյարդայնանալ, խնայեք ձեր առողջությունը:

Միմյանց հետ կապը կպահենք փաստաբանների միջոցով:

Միշտ ձեր՝ քաղբանտարկյալ Մալյան»։

Տեսանյութեր

Լրահոս