Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում քննարկել են երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները:

Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի իր գործընկերոջ հետո հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով։ Նա վստահություն հայտնեց, որ Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խորացման գործում։

Հունվարին Թբիլիսում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել էր Ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը։ Ըստ Փաշինյանի՝ այն հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

«Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։ Այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Եվ այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն երկու երկրների երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում կայունության և փոխշահավետ համագործակցության ապահովելու տեսանկյունից։

Տեսանյութեր

Լրահոս