Վայրագ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացումներ
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցել է բոլորին: Ողջ աշխարհը դատապարտեց տեղի ունեցած անմարդկային հացագործությունը:
Երևանում հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ վաղ առավոտից հարգանքի տուրք էին մատուցում բոլոր զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։
Քաղաքացիները նաև մոմեր էին վառում և խաղալիքներ դնում ծաղիկների մոտ՝ ի հիշատակ ահաբեկչության զոհ դարձած երեխաների:
Հայաստանյան քաղաքական որոշ ուժեր` կուսակցություններ, հասարակական մի շարք կազմակերպություններ, անհատներ հայտարարությամբ հանդես եկան` դատապարտելով կատարված ոճրագործությունը և իրենց զորակցությունը հայտնելով ռուս ժողովրդին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմինն անմիջապես հայտարարությամբ հանես եկավ, որում, մասնավորապես, ասվում էր.
«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սույն թվականի մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին:
Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացումներ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում»:
Այսօր` մարտի 23-ի առավոտյան Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնեցին սահմռկեցուցիչ այդ ահաբեկչության զոհերի հարազատներին։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ երիտասարդները ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ ահաբեկչության զոհերի։
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած արյունալի, բարբարոսական ահաբեկչությունից հետո ուղերձով դիմել է ռուս ժողովրդին` նշելով, որ մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր։