Պետք է բարձրացնել Ադրբեջանի ապօրինի գործողությունների գինը, հարցազրույցի նպատակը քարոզչական բնույթի հայտարարություններ կորզելն է. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանն իրավունք չունի հարցազրույց անել Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ։ Այս մասին 168.am հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ մեկնաբանելով պատանդառության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցազրույցն ադրբեջանական լրատվամիջոցին և դրա վերաբերյալ հայկական կողմի անելիքները։

Նրա բնորոշմամբ, Ադրբեջանի ցեղասպան ու բռնապետական ռեժիմից այլ բան չէին էլ սպասում, քանի որ այդ երկիրը երբեք իրավունքով չի շարժվել։

«Իհարկե, սպասելի էր, որ վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպելու է մեր պատանդներին հարցազրույց տալ, որի նպատակը որոշ քարոզչական բնույթի հայտարարությունների կորզումն է, որպեսզի այդ հայտարարություններն օգտագործեն և՛ ադրբեջանական հասարակության մեջ, և՛ ճնշում գործադրեն հոգեբանորեն մեզ վրա, նաև միջազգային հանրությանը հերթական մոլորեցնող ու մանիպուլացնող գործողություններ կատարեն»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանի մարդու իրավունքները ոտնահարող այս գործողությունները կանխող գործիքակազմեր կան, սակայն դրանք քաղաքական են, դրանք ճնշման գործիքակազմերն են։ Նախ, ոչ գործընկեր պետությունների միջոցով պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրվի, որպեսզի նման բան չանեն։ Դիվանագիտական խողովակներով պետք է հասնել նրան, որ գործընկեր պետությունների ներկայացուցիչները դատապարտեն Ադրբեջանի քայլերը։

«Այսինքն՝ խոշոր առումով պետք է բարձրացնել Ադրբեջանի ապօրինի գործողությունների գինը և ընկալման տեսանկյունից, այսինքն՝ ռեպուտացիոն և գործնական տեսանկյունից։

Մյուս անելիքներն իրավական մեխանիզմներն են, որ Հայաստանի Հանրապետությունը միանշանակորեն կարող է դիմել Եվրոպական դատարան, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, և քննվող հայցերի շրջանակներում, որպես միջանկյալ միջոց, նշի, որ՝ տեսեք, Ադրբեջանը չի կատարում իրավական ակտերը։

Մյուս միջոցն այն է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը կոշտ պայմաններ դնի՝ հայտարարելով, որ եթե Բաքուն այդպես է վարվում պատանդի ու գերու կարգավիճակում գտնվող հայերի հետ, ապա մենք այլևս չենք պատրաստվում քննարկել այս-այս հարցերը։ Այսինքն՝ սա շատ պարզ դիվանագիտություն է, և պետք է կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ ճնշում գործադրելու համար»,- հավելեց Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Տեսանյութեր

Լրահոս