Էդմոն Մարուքյանը 3 տարի եղել է Նիկոլ Փաշինյանի ենթական, կատարել է նրա հրամանները. ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականին և ֆեյսբուքյան ուղիղ եթերում նրա հայտարարությանը, որ իր և իշխանությունների միջև կային տարաձայնություններ, նկատեց՝ պետք է շատ լուրջ վերլուծել, նոր գնահատականներ տալ Էդմոն Մարուքյանի լայվերին։

«Առնվազն ես մինչև այս պահը չգիտեի որևէ տարաձայնության մասին՝ իշխանությունների և Էդմոն Մարուքյանի միջև։ Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի ենթական էր համարվում, և որևէ տարաձայնության մասին ես վարչապետի և այն պաշտոնը, որը զբաղեցրել է պարոն Մարուքյանը՝ չեմ լսել։ Նրա լայվերին չեմ հետևել, ավելի ուշադիր կլինեմ։

Բա առնվազն երեք տարի Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ պաշտոն է զբաղեցրել, այդ ընթացքում ես չեմ լսել, որ խոսի տարաձայնությունների մասին։ Ես չգիտեմ նույնիսկ, թե նա ինչ պայմաններում ու հանգամանքներում է  հեռացվել աշխատանքից, ես ինֆորմացիա չունեմ։ Գուցե նրան ազատել են»,- նշեց Վաղարշակ Հակոբյանը։

Ըստ նրա, Էդմոն Մարուքյանը մի քանի տարի աշխատելով Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ, կատարել է նրա հանձնարարությունները։

Կարդացեք նաև

«Ես, օրինակ, չգիտեմ՝ նրան ազատե՞լ են աշխատանքից, թե՞ նա է ազատման դիմում գրել։ Էդմոն Մարուքյանին առաջարկե՞լ են այդ պաշտոնը, նա ընդունել է, թե՞ ինքն է  առաջարկել, որ կարող է այդ պաշտոնը ստանձնել։ Եթե երեք տարի նշանակված է  եղել այդ պաշտոնին և միայն երեք տարի հետո է հասկացել, որ տարաձայնություններ կան և այլն, ապա ես սա քաղաքական գործունեության մեկնարկ եմ համարում։

Չեմ հիշում, որ պաշտոնը ստանձնելուց հետո Էդմոն Մարուքյանը քննադատական միտք հնչեցրած լինի իշխանության հասցեին, հակառակը՝ ասում էր, որ մենք ճիշտ քաղաքականություն ենք վարում, գուցե հետո բան է փոխվել, չեմ կարող ասել։

Կարծում եմ՝ վատ չէ, գուցե Մարուքյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին, սա նորմալ եմ գնահատում։ Պետք է հիշենք, որ 2018 թվականին Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ԱԺ-ում կային շուրջ 18 պատգամավորներ, թե ինչ եղավ հետո, տեսանք բոլորս»,- հավելեց Վաղարշակ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս