Երկիրը հանձնված է արտաքին ղեկավարման ռեժիմի, որում սպասարկվում են բոլորի շահերը՝ բացի Հայաստանից․ գեներալ Իշխան Մաթևոսյան

Ծայրաստիճան վտանգավոր այն իրադրությունը, որը ստեղծվել է մեր պետության շուրջ և առհասարակ Հարավային Կովկասում, մեկ օրվա գործ չէ, դրա սկիզբը դրվել է վաղուց։ Ինչ վերաբերում է մեր երկրին՝ ՀՀ-ին, դա այն գործունեության և քաղաքականության արդյունքն է, որը վարում է ներկա իշխանությունը՝ դրսևորելով քաղաքական տհասություն։ Տարածաշրջանում ուժերի և իրողությունների դասավորվածությունը մեկ օրվա ընթացքում չի ձևավորվել ո՛չ երեկ, ո՛չ էլ մեկ ամիս առաջ։ Այն ձևավորվել է՝ սկսած 2018 թվականից, և արդյունք է օրվա իշխանությունների ապազգային քաղաքականության։ Արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունը սպասարկում է ցանկացած այլ ուժային կենտրոնի շահերը՝ բացի Հայաստանի շահից, և, որպես կանոն, դա կատարվում է ի վնաս և ի հաշիվ Հայաստանի շահերի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը։

«Մեր երկրի շուրջ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական լուրջ ուժային կենտրոնների շահերի բախում, որը կարծես հասել է իր կիզակետին։ Մի կողմից՝ տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, ապա՝ հավաքական Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչո՞ւ չէ՝ այս հարցերն ինչ-որ չափով վերաբերում են նաև Կենտրոնական Ասիայի հզոր պետություններին։ Տեղի է ունեցել շահերի բախում, որտեղ յուրաքանչյուր պետություն ուզում է օգտվել ընձեռված հնարավորությունից՝ հօգուտ իր շահերի, և չգալով համաձայնության՝ ստեղծվել է կոնֆլիկտային պոտենցիալ, պատերազմի վերսկսման նախադրյալներ, որն այսօր ունենք։ Դա չեն թաքցնում նաև օրվա իշխանությունները»,- ասաց ռազմական գործիչը։

«Հիմնական պայքարը Մեղրիի միջանցքի և Սյունիքի շուրջ է։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ է իրենից ներկայացնում Մեղրիի միջանցքը։ Դա ուղղակի 42 կմ-անոց ճանապարհահատված չէ, այն մեծ լոգիստիկ, կոմունիկացիոն ճանապարհի ընդամենը մի շղթա է, բայց շատ կարևոր է։ Որ պետությունը դրան տիրի, կդառնա Հարավային Կովկասի հիմնական քաղաքական դերակատար։ Ճապոնիայի ափերից սկսվող այս մեծ և երկար երթուղին, անցնելով Չինաստանով, Միջին Ասիայով, Հայաստանի տարածքով կամ կողքով, գնալով Թուրքիա՝ հասնում է մինչև Եվրոպա։ Ի՞նչ է դա տալիս՝ տնտեսական աճի հնարավորություն այն պետությունների համար, որոնց տարածքով այս աշխարհաքաղաքական միջանցքն անցնում է։ Իսկ տնտեսական ուժը վաղ թե ուշ վերածվում է ռազմական հզորության»,- նշեց Մաթևոսյանը։

Կարդացեք նաև

Գեներալի կարծիքով՝ մի քանի տարուց մենք կարող ենք տեսնել ուժերի այլ դասավորություն, որին մեր երկիրը պատրաստ չէ․ «Մեր երկիրը կանգնած է պատերազմի շեմին։ Եթե նայում ենք միջազգային պրակտիկային և քաղաքագիտության օրենքներին, ինչպե՞ս են լուծվում կոնֆլիկտները։ Դրանց լուծման չորս հիմնական ճանապարհ կա՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական և ռազմական։ Վերջինն ամենաարդյունավետն է։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ դիվանագիտական առումներով ներկայիս իշխանությունների պոտենցիալը գրեթե զրոյական է։ Նրանք այլևս որևէ գործընթացի վրա չեն էլ կարողանում ազդել։ Շատ մայրաքաղաքներում հանդիպում են մեր տարածաշրջանային կենտրոնների ղեկավարները և քննարկում են իրավիճակը Հարավային Կովկասում՝ առանց Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների։ Ստացվում է, որ մեր երկրի ճակատագիրը, ապագան արդեն դուրս է եկել մեր ազդեցության կամ կառավարման տիրույթից, և դա տնօրինում են այլ ուժային կենտրոնները»:

«Այս պայմաններում պատերազմի վտանգն անգամներով աճել է։ Օրվա իշխանությունները շաբաթը մեկ-երկու անգամ քաղաքականության շրջադարձի մասին քաղաքական հայտարարություններ են անում, որոնք մթնոլորտը շիկացնում են՝ փոխանակ մեղմացնեն։ Մեր երկիրն արդեն վաղուց գտնվում է արտաքին ղեկավարման ռեժիմում, խելամիտ մարդն իր երկրի նկատմամբ իրեն այսպես պահել չէր կարող։ Փաստ է, որ կա պատերազմի սպառնալիք։ Ինչո՞վ ենք մենք դրան հակազդելու, ի՞նչ վիճակում ենք գտնվում։ Երկիրը միտումնավոր մտցված է խափանման ռեժիմի մեջ, որտեղ ամեն դեպք և իրադարձություն ոչ թե պատահականություն է, այլ համակարգված խափանում»,- ամփոփեց Իշխան Մաթևոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս