Մենք մեզ տեսնում ենք որպես մի երկիր, որը կօգնի Հայաստանին այնքան, որքան կարող ենք․ Հունաստանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Փաշինյանը ողջունել է պարոն Դենդիասի այցը Հայաստան և նշել. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ՝ այս անգամ արդեն որպես պաշտպանության նախարար։ Հիշում եմ նախկին կարգավիճակում անցյալում կատարած Ձեր այցերը Հայաստան: Գնահատում ենք Ձեր կապը Հայաստանի հետ, նաև Ձեր հանձնառությունը՝ խորացնելու Հայաստանի և Հունաստանի միջև կապերը։ Իհարկե, Ձեր նոր կարգավիճակում ևս լեցուն օրակարգ կա։ Ուրախ եմ, որ արդեն հասցրել եք ունենալ արդյունավետ բանակցություններ և քննարկումներ՝ ի շարունակություն իմ և Հունաստանի վարչապետի միջև տեղի ունեցած բանակցությունների։

Իհարկե, տարբեր ոլորտներում մեր համագործակցության խորացումը մեր երկու կառավարությունների կողմից միասնաբար ընդունված օրակարգ է, և ես շատ ուրախ եմ դրա համար։

Իմ այցի ժամանակ հնարավորություն ունեցանք քննարկել մեր երկկողմ օրակարգը, նույնիսկ եռակողմ օրակարգը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք միասնական մոտեցում ունենք ապագա անելիքների վերաբերյալ, և շատ ուրախ եմ, որ հաջողել ենք նման դինամիկա ստեղծել։

Իհարկե, մեր երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր բան չէ, կարծում եմ՝ բավականին մեծ փորձ ունենք այստեղ, բայց այս նոր հանգամանքների բերումով հետաքրքրությունն էլ ավելի է աճում, և շատ կարևոր է ունենալ պատշաճ քաղաքական կամք՝ հասցեագրելու այս նոր պահանջները և հնարավորությունները, և կառավարել բոլոր մարտահրավերները։ Եվս մեկ անգամ, ողջունում եմ Ձեզ և շնորհակալ եմ այցի համար»։

Իր հերթին Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ,

Նախ, թույլ տվեք փոխանցել իմ երկրի վարչապետի ողջույնները, ում հետ Դուք մի քանի օր առաջ հանդիպեցիք։ Շատ արդյունավետ և հաջող այց էր, ինչի մասին վկայում են հանդիպման արձանագրությունները։ Կրկին շնորհակալություն մեր կապերը պաշտպանական ոլորտում ուժեղացնելու ջանքերի համար։

Մենք ծավալուն քննարկում ունեցանք պարոն Պապիկյանի հետ, ով նույնպես այցելեց մեզ 2023 թվականի դեկտեմբերին: Իմ այցը տեղի է ունենում նրա Աթենք կատարած այցից հետո։ Այս անգամ մենք շատ գործնական հանդիպում ունեցանք, այսինքն՝ ոչ միայն քննարկումների, այլ նաև գործնական քայլերի առումով։

Վստահ եմ, նա Ձեզ կզեկուցի մեր առաջիկա անելիքների մասին։ Մենք մեզ տեսնում ենք որպես մի երկիր, որը կօգնի Հայաստանին այնքան, որքան կարող ենք՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը, նաև այն բանի համար, որ մենք շատ մտերիմ երկրներ ենք, և իսկապես ցանկանում ենք դա անել»:

Զրուցակիցները վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման քայլերը, անդրադարձ կատարել ռազմական կրթության և այլ ուղղություններով փոխգործակցությանը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս