«Պարոն Մինասյան, ջղաձգվում եք Դուք։ Ոնց որ Կարեն Անդրեասյանի հետ շատ երկար եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին». Խամոյան

Նախորդ շաբաթ մի իրադարձություն տեղի ունեցավ, որին Բոլիվուդում կնախանձեին։ Մեծն ռեժիսոր, խմբագիր, սցենարիստ, համատեղության կարգով՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ուղիղ ցուցումով, ԲԴԽ աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, ձեր հարկերից վճարած 8 մլն դրամ է հատկացրել՝ այսպես կոչված հնչեղ գործերով ձգձգումների պատճառների հետ կապված ռեպորտաժ հրապարակելու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։

«Պարոն Մինասյան, հարցս ուղղված է Ձեզ՝ հաշվի առնելով, թե ինչ մտերիմ հարաբերություններ ունեք պարոն Կարեն Անդրեասյանի հետ, ենթադրում եմ՝ նաև համատեղ եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին ու ներշնչվում։ Դատական դեպարտամենտը, որն ապահովում է անկախ պետական մարմնի՝ ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների, ընդհանուր ժողովի, հանձնաժողովների գործունեությունը, դատավորների աշխատանքը գնահատելու՞ համար է, իրավունք ունի՞ , նման լիազորություն ունի՞՝ դատական ակտի օրինականության կամ անօրինականության հետ կապված գնահատական հնչեցնելու»,- ասաց Խամոյանը՝ դիմելով Մինասյանին։
Վերջինս նշեց, թե հարցն ուղղված է դատական իշխանությանը, դատական դեպարտամենտն․ ըստ Մինասյանի, ունի պարտականություն՝ մոնիթորինգ իրականացնելու։

«Հասկանում եմ, որ այդ մոնիթորինգի արդյունքները Ձեզ համար մտահոգիչ են, քանի որ առնվազն երկու գործով վերհանվել են այնպիսի խախտումներ, որոնք ենթադրում են հետևանքներ»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ նման խախտումներն արձանագրելուց հետո, եթե դա ապացուցվի, կլինեն նաև հետևանքներ՝ «անկախ ձեր ներթիմային և ներկուսակցական ջղաձգումներից»։

«Պարոն Մինասյան, ջղաձգվում եք Դուք։ Ոնց որ Կարեն Անդրեասյանի հետ շատ երկար եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին, չգիտեմ՝ ինչ ներշնչանքի մեջ եք ընկնում։ Հորդորում եմ Ձեզ՝ նման գնահատականներ այլևս չհնչեցնել»,- արձագանքեց Խամոյանը։

Տեսանյութեր

Լրահոս