Երկաթ` արյունաստեղծ միկրոտարրը
Բուժիչ նամակներ
Երկաթը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությանը նպաստող անհրաժեշտ միկրոտարրերից մեկն է։ Ի տարբերություն մակրոտարրերի, որոնց օրական պահանջը սկսվում է 200 մգ-ից, միկրոտարրերի հանդեպ պահանջը համբարվում է տասնյակ միլիգրամներով։
Երկաթն առավել ուսումնասիրված միկրոտարրերից մեկն է` պարունակվում է հիմնականում էրիթրոցիտների` հեմոգլոբինի, ավելի քիչ քանակությամբ` միոգլոբինի (մկանային հեմոգլոբին), լյարդի և փայծաղի որոշ ֆերմենտների մեջ։
Հեմոգլոբինը սպիտակուց է, որի մեջ պարունակվող երկաթի ատոմները կապում են թթվածինը և հասցնում հյուսվածքների մեջ։ Եթե երկաթը վատ է յուրացվում կամ չի ներմուծվում սննդի հետ, ապա զարգանում է հյուսվածքների թթվածնային սով կոչվող հիվանդությունը, որի ախտանիշներն են` մաշկի գունատություն, բարձր հոգնածություն, թուլություն, գլխացավ և գլխապտույտ, հևոց, առիթմիա և այլն։
Երկաթի հանդեպ պահանջը բարձր է հղիների և ծանր ֆիզիկական աշխատանք կատարողների մոտ, թթվածնի սակավության և արյան կորստի դեպքում։ Որպես երկաթ պարունակող հումք` մթերքի արժեքը գնահատվում է ոչ միայն` ըստ պարունակող երկաթի քանակի, այլ նաև կախված է նրանից, թե ինչպես է այն յուրացվում։ Լավ է յուրացվում այն երկաթը, որը պարունակվում է կենդանիների մսում, երիկամներում, լյարդում և այլն. նման երկաթը կոչվում է հեմային։ Բույսերում պարունակվող ոչ հեմային երկաթն ավելի դժվար է յուրացվում։
1. Մեկօրյա պահանջը կանանց մոտ 18 մգ է, հղիներին և կերակրող մայրերին պահանջվում է օրը 20 մգ երկաթ, իսկ տղամարդկանց բավարար է 10 մգ-ը։
2. Սննդամթերքի հետ ստամոքսի թթվային միջավայրում հայտնված երկաթն իոնիզացվում և ներծծվում է 12-մատնյա աղիի (մասամբ բարակ) պատերի միջոցով։ Երկաթի իոնները կապվում են արյան մեջ գտնվող սպիտակուցի հետ և փոխադրվում ոսկրածուծի, լյարդի մեջ և այլն։
3. Չափահաս մարդու օրգանիզմում պարունակվում է մոտ 4000 մգ երկաթ, որի 70 տոկոսը գտնվում է հեմոգլոբինի մոլեկուլներում, 4 տոկոսը` միոգլոբինում, 1 տոկոսը` երկաթ պարունակող ֆերմենտներում, իսկ 25 տոկոսը պահեստավորված է։
4. Վերոգրյալից պարզ է դառնում, որ օրգանիզմում պարունակվող երկաթի հիմնական մասը ծախսվում է արյունաստեղծման համար։ Երկաթի երկարաժամկետ սակավության դեպքում զարգանում է անեմիա կամ սակավարյունություն, որն ախտորոշվում է որպես օրգանիզմի հիվանդագին վիճակ։ Անեմիայի դեպքում նվազում է հեմոգլոբինի պարունակությունը, որը հաճախ ուղղորդվում է արյան մեջ գտնվող էրիթրոցիտների նվազմամբ։
Անեմիկ վիճակն ավելի հաճախ է հանդիպում կանանց մոտ, որոնք պարբերաբար կորցնում են 45-90 մգ արյուն։ Անեմիայի պատճառ կարող է դառնալ նիհարեցնող սննդակարգը. կարևոր է իմանալ, որ կաթնամթերքը և միրգ-բանջարեղենը չեն նպաստում արյունաստեղծմանը։
Կարևոր է նաև հաշվի առնել, որ հղիության շրջանում օրգանիզմում պարունակվող երկաթը փոխանցվում է պտղին` ընկերքի, իսկ կերակրելու ժամանակ` մայրական կաթի միջոցով։
Տարեց մարդկանց մոտ` երկաթի սակավությամբ ուղղորդվող անեմիան հաճախ զարգանում է ստամոքսահյութի ցածր թթվայնության, իսկ երեխաների մոտ` հելմինտոզի պատճառով։
Երկաթի յուրացմանը խոչընդոտում են հորմոնալ դեղերը, թեյում, սուրճում, գազավորված ըմպելիքներում պարունակվող տանինները, ֆոսֆորի և կալցիումի աղերով հագեցած սննդամթերքը։ Անեմիայի հետևանքով առաջանում են մի շարք գեղարարական լուծումներ պահանջող խնդիրներ` գունատվում և չորանում է մաշկը` հատկապես դեմքի և դաստակների, մազերը սկսում են կոտրատվել, դանդաղ են աճում, խամրում են, եղունգները շերտավորվում են։
Զգուշացում։ Անհրաժեշտության դեպքում հեմոգլոբինի մակարդակը բարձրացնում են երկաթ պարունակող դեղորայքով։ Կարևոր է իմանալ, որ երկաթը թթվեցնող «գործակալ» է, այն կարող է դառնալ ազատ ռադիկալների առաջացման պատճառ։
Երկաթ պարունակող դեղամիջոցները չի կարելի օգտագործել առանց բժշկի նշանակման և համապատասխան վերահսկողության։ Հատկապես պետք է զգուշանան ռևմատոիդ արթրիտով հիվանդները։ Երկաթի յուրացմանը նպաստում են հակաօքսիդանտները։
Երկաթի սակավությունը կանխարգելելու և լրացնելու նպատակով խորհուրդ է տրվում ճշտել սննդակարգը։ Օրինակ, առավոտյան ուտել ոչ հեմային երկաթ պարունակող, բուսական ծագում ունեցող սննդամթերք, իսկ երեկոյան հեմային երկաթ պարունակող մսեղեն, կամ համատեղել այս մթերքները։
Սննդակարգի ճշտման համար կարող է օգտակար լինել ձեր ուշադրությանը ներկայացվող ցանկը.
1. Խոզի և տավարի միս` պարունակվում է 7 մգ երկաթ (100 գ մեջ), խոզի և տավարի լյարդ` 12 մգ, լեզու` 5 մգ, ձու` 3, ձվի դեղնուց` 7, լոբի` 12, ոլոռ` 9,5, քարավուզի տերև` 16, սամիթ` 12, մաղադանոս` 8, ծիրանի չիր` 4, սև շլորաչիր և չամիչ` 4, խուրմայի չիր` 2, քունջութի սերմ` 10, նուշ` 3, ցորենի ամբողջական հատիկ` 3, ցորենի թեփ` 19, բարձր որակի ցորենի ալյուր` 1, հնդկաձավար` 8, վարսակի փաթիլներ` 4,5, կակաոյի փոշի` 10,5, խնձոր`
2 մգ։
Երկաթի անհրաժեշտ քանակը կարելի է ստանալ.
1. 100 գ խաշած մսից, հնդկահավից, հավի ճտից (հեմային),
2. 250 գ թարմ բանջարեղեն և կանաչեղեն, 120-150 գ շիլա (հնդկաձավար, վարսակ) և այլ, մեկ բաժին խաշած լոբի։
Եղինջ. Ժողովրդական բժշկության մեջ հնագույն ժամանակներից օգտագործվել է սակավարյունության բուժման համար` դեղաբանական փորձարկումները հաստատել են եղինջի կիրառման նպատակահարմարությունը։ Խորհուրդ է տրվում խմել մատղաշ բույսի թարմ հյութը (հավաքել նախքան ծաղկելը)։ Հյութը խառնեք ջրի հետ (5։1)։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, կես թ/գ մեղրի հետ։
Կանաչ ոլոռ. Արյան մեջ հեմոգլոբինի ցածր պարունակության դեպքում կերեք 3-4 ճգ թարմ կամ պահածոյացված կանաչ ոլոռ` նախաճաշին։
Ծիրան. Պարունակում է բավարար քանակությամբ կարոտին և ասկորբինաթթու, B15 վիտամին, այլ օգտակար նյութեր։ Թարմ ծիրանի չրի և հյութի մեջ պարունակվող երկաթը լավ է յուրացվում օրգանիզմում։
Վիտամին B12. Սակավության դեպքում նկատվում է հեմոգլոբինի քանակի անկում։ Պարունակվում է կաթնամթերքի, ձվի դեղնուցի, մսի, լյարդի, երիկամների, ձկան մեջ։ Մեկ օրվա պահանջը 3 մկգ է` բավարար է խմել 100 մլ կաթ կամ ուտել ձվի դեղնուցի մեկ քառորդը։
Ֆոլիաթթու. Անհրաժեշտ է երկաթի յուրացման համար` պարունակվում է կանաչ սոխի, մաղադանոսի, մարոլի, ցիտրուսների, լյարդի մեջ։
Թունդ թեյը և կոնտրացեպտիվները նպաստում են ֆոլիաթթվի հեռացմանն օրգանիզմից։
Զգուշացում։ Լյարդի մեջ շատ բարձր է վիտամին A-ի պարունակությունը, որը կուտակվելով օրգանիզմի մեջ` կարող է վնասել առողջությունը։ Կերեք շաբաթական 200-300 գրամ։
«168 ԺԱՄ»