Փաշինյանն այսօր էլ պատրաստ է ռազմական գաղտնի տեղեկություններ փոխանցել հակառակորդին և գործընկերոջ դեմ «նավոդկա» տալ

Փետրվարի 27-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը ժամը 13:30-ի սահմանում տեղեկություն էր հրապարակել՝ այն վերնագրելով այսպես. «Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ. ինչ տեղեկություններ կպարունակեն դրանք»:

Մասնավորապես, armtimes.com-ը՝ հղում տալով ֆրանսիական լրատվամիջոցներին, գրել էր.

«Նիկոլ Փաշինյանի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։

Փարիզը Երևան կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին»:

Կարդացեք նաև

Սա այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը, տևական ժամանակ է, ֆրանսիական «շպիոնների» դեմ գործողություններ է իրականացնում, երբ Ադրբեջանը և Ռուսաստանը Հայաստանին մեղադրում են ԵՄ դիտորդների տեսքով «գործակալներ» սահմանին տեղակայելու համար և այլն: Կամ, ինչո՞ւ չէ, այն ֆոնին, որ թուրք-ադրբեջանական տանդեմը դժգոհում է Ֆրանսիայի՝ Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունից:

Ինչևէ, կարճ ժամանակ անց այս տեղեկությունը տեղադրվեց նաև այլ կայքերում, բայց այս տեղեկության գաղտնազերծման պատասխանատվությունն իշխանական կամ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցինն է, եթե, իհարկե, տեղեկությունը համապատասխանում էր իրականությանը:

Ավելի ուշ «Հայկական ժամանակը» նյութը հեռացրեց կայքից:

Թե ինչու՝ հայտնի չէ: Գուցե ԱԱԾ-ից են զանգել, գուցե այն իր խնդիրն արդեն կատարեց այդ ժամանակահատվածում, կամ՝ գուցե ավելի ուշ պարզել են, որ ֆեյքնյուզ են տարածել, թեպետ զավեշտալի է, որ Փաշինյանի ընտանեկան թերթը չի տիրապետում ինֆորմացիայի, թե իրականում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նրա ֆրանսիական այցի ժամանակ:

Իսկ Civilnet.amպարզել է, որ Ֆրանսիայի ու Հայաստանի միջև իբր ձեռք բերված հետախուզական պայմանավորվածության մասին առաջին անգամ հայտնել է ռուս փորձագետ Իգոր Կորոտչենկոն փետրվարի 23-ին ՝ թուրքական պետական լրատվամիջոցի՝ Anadolu-ի հետ հարցազրույցում։ Հետաքրքրական է, որ այն հրապարակվել է միայն անգլերեն ու ռուսերեն լեզուներով ու թուրքերեն բաժնում տեղադրված չէ։

Civilnet.am-ի փոխանցմամբ, ֆրանսերենով այս տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է փետրվարի 24-ին՝ թուրքական Yeni Şafak (Նոր լուսաբաց) թերթի ֆրանսերեն բաժնում՝ NouvelleAube-ում։ Հոդվածը հղում է անում Anadolu գործակալության հետ Կորոտչենկոյի հարցազրույցին։ Այնուհետև փետրվարի 26-ին այս մեջբերումը տարածել է ֆրանսիական Agoravox լրատվականը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է այդ կայքը ու պարզել, որ այն սիրողական, ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոց է։ Լրատվամիջոցի էջում էլ նշված է, որ «AgoraVox-ը 100 տոկոսով քաղաքացիական լրատվամիջոց է», որտեղ գրում են կամավորներ և ոչ պրոֆեսիոնալներ։

Ժամը 17։30-ի սահմաններում այս լուրը հերքեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա պարզաբանել է այդ տեղեկությունը՝ հայտնելով. «Ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ վարչապետ Փաշինյանի` Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով, չի համապատասխանում իրականությանը։

Նշված աղբյուրում անհատները կարող են ազատորեն գրանցվել և հրապարակել իրենց կազմած լուրերը և հոդվածները, որոնք որևէ խմբագրման չեն ենթարկվում, և հետևաբար աղբյուրը չի կարող համարվել վստահելի։ Մասնավորապես հիշատակված նյութը հրապարակվել է «S. Lampion» անհայտ հեղինակի անունով, այնուհետև այն անմիջապես տարածվել X-ի ադրբեջանական էջերում։ Նշվածից ակնհայտ է, որ գործ ունենք Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի հետ»:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին ընտանեկան թերթին հատուկ է հավաստի աղբյուրներին կամ նման հարթակներին հղում տալը: Մյուս կողմից, նրան հատուկ է նաև պետական գաղտնիքի պահպանման պահանջի խախտումները, գաղտնի տեղեկությունների արտահոսքը:

Այսինքն, տեղեկության և՛ իրական, և՛ ոչ իրական լինելու դեպքում կատարվածը վտանգավոր է և անթույլատրելի՝ լինի դա ներքին, թե արտաքին լսարանի համար, կամ՝ երկուսն էլ միասին, քանի որ առնչվում է Ֆրանսիայի և Հայաստանի ազգային անվտանգությանը և հետախուզական գործունեությանը: Ավելին, չեզոքացնելու է վստահությունը ՀՀ-ի նկատմամբ, թեպետ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին վաղուց չեն վստահում՝ ամենատարբեր պատճառներով:

Իսկ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների մասին հատվածում նշվում է, որ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները համարվում են գաղտնիք, եթե դրանք, օրինակ, բացահայտում են հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, տվյալ դեպքում՝ Ֆրանսիա պետությունը։

Ի դեպ, 2022 թվականին Հայաստանի դեմ ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական պատերազմի տրամաբանության մեջ Ադրբեջանի լրատվամիջոցները Փաշինյանին մեղադրել էին Արևմուտքին ՀԱՊԿ-ի վերաբերյալ կոնֆիդենցիալ տեղեկություններ փոխանցելու մեջ:

«Օրինակ, հայկական կողմն Արևմուտքին է փոխանցել ՀԱՊԿ շրջանակում ռազմական պլանավորման և ՀՕՊ միացյալ համակարգի հետ կապված նրբությունները կամ տեխնիկական փաստաթղթերը: Հայաստանն արևմտյան խաղացողներին է փոխանցել նաև տեղեկություններ ռուսական սպառազինության համակարգերի տեխնիկական բնութագրերի և ռուսական ռազմական պլանների, ռուսական զինծառայողների պատրաստման մեթոդոլոգիայի մասին, որոնց «դոստուպ» ուներ՝ որպես դաշնակից: Բանը հասել է նրան, որ ռուսական ռազմական բուհերում սովորող հայ սպաներն իրենց արևմտյան «կուրատորներին» են փոխանցել ոչ միայն այն ամենը, ինչ սովորել են, այլև, անգամ, իրենց համակուրսեցիների անձնական գործերը՝ ռուս սպաներից»:

Ընդ որում, սա արվել էր Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ֆոնին, երբ կազմակերպության անդամ երկրների ղեկավարներ էին Հայաստան ժամանել: Սա լուրջ մեղադրանք էր, որին իշխանություններից ոչ մի արձագանք չէր եղել նույն ջանասիրությամբ, ինչ ջանասիրությամբ պատահական տեղեկություններ են տարածվում: Իսկ Փաշինյանը, այո, ունակ է տարածել սեփական երկրի ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկություն, այն, ինչ արել է 44-օրյա պատերազմի օրերին:

Այս համատեքստում հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ առաջին տիեզերական արբանյակի՝ երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերելուց հետո իշխանամերձ փորձագետները, ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդում էր, որ մեզ հետաքրքրող ցանկացած տարածք կարող ենք նկարել:

«Սա չունենալը մեր ամենաթույլ կողմերից մեկն է եղել: Իհարկե, ինչ-որ առումով օգտվում էինք մեր ռազմական դաշնակիցներից, բայց սեփական արբանյակ ունենալը լրիվ այլ է: Պարամետրերին նայելով՝ չէի ասի, թե ամերիկյան կամ ռուսական ամենաթոփ հետախուզական արբանյակների պարամետրերից ունի մերը, սակայն միջինից բարձր պարամետրեր ունի, որոնք Հայաստանի պահանջարկի համար բավականին լավն են: Մանավանդ օպտիկական հետախուզության նկարահանման լայնույթը՝ 26 կիլոմետր, բավականին լավ թիվ է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշել էր Հովհաննիսյանը:

Արդյոք այսօր Հայաստանն անկախ է այս առումով իր ռազմական դաշնակիցներից, թողնենք այլ առիթի:

Տեսանյութեր

Լրահոս