«Պիտի չհասկանաս՝ ինչ է կատարվում շուրջդ, որ չվախենաս ու չանհանգստանաս».  Ներքին Հանդի վարչական ղեկավար

Փետրվարի 13-ին Ադրբեջանը Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ դիմել էր հերթական սադրանքին՝ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր: Միջադեպից մեկ օր առաջ՝ փետրվարի 12-ին, Ադրբեջանը հայտարարել էր, որ իբր «հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ գյուղում իրավիճակը նույնն է, ինչ միջադեպից առաջ։ Բայց այնպես չէ, որ մարդիկ հանգիստ են ապրում։

«Մարդիկ իրենց հարազատների շիրիմներին չեն կարողանում այցելել՝ 2022 թվականի սեպտեմբերյան սադրանքից հետո։ Չենք կարողանում մոտենալ գերեզմանոցին, թշնամին կրակում է։ Մինչև այսօր մենք գերեզմանոց չունենք։ 2022 թվականից առ այսօր գյուղից երեք մարդ է մահացել, երկուսին հուղարկավորել ենք Կապանում, մեկ հոգուն էլ նոր տեղ ենք վերցրել, այնտեղ ենք հուղարկավորել, այսինքն՝ նոր գերեզմանատուն ենք ուզում սարքել, ցանկապատով»,- նշեց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։

Ըստ նրա, գյուղից որևէ մեկը հեռանալու ցանկություն չունի, դրա մասին որևէ խոսք չի կարող լինել, որքան էլ թշնամին կրակի, բայց այնպես չէ, որ մարդիկ անհանգիստ չեն։

Կարդացեք նաև

«Պիտի չհասկանաս՝ ինչ է կատարվում շուրջդ, որ չվախենաս ու չանհանգստանաս»,- ասաց Խաչատուր Բաղդասարյանը։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը դիմեց մեծ սադրանքի Սյունիքի մարզում, ոչ միայն առաջ եկավ Ներքին Հանդի տարածքում, այլև բնակչությանը զրկեց խմելու ջրից։

Վարչական ղեկավարի խոսքով՝ համայնքի ֆինանսավորմամբ նոր ջրագիծ կառուցելու նախագիծ է կազմվել, մրցույթը կայացել է, սպասում են, որպեսզի հաղթող շինարարը գա՝ ջրագիծը կառուցի։

«Ոռոգման ջուր ունենք, բայց 2022 թվականի սեպտեմբերի 13-ից առ այսօր գյուղում խմելու ջուր չկա։ Տեխնիկական ջուրը խողովակով մտցրել ենք տներ, մարդիկ դա օգտագործում են կենցաղում, իսկ խմելու համար գյուղի կողքին աղբյուր ունենք, տարաներով բերում ենք, մինչև խողովակը կառուցվի»,- եզրափակեց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ներքին Հանդում Ադրբեջանի սադրանքից հետո ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ շեշտելով, որ տեղի կունենա քննություն և միջադեպի մեղավորները կպատժվեն։

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե հորդորել է  հայ զինվորներին չտրվել սադրանքների, իսկ հրաման խախտողները կենթարկվեն պատասխանատվության։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի մարտի սկզբին թշնամին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ կրկին առաջ էր եկել և դիրքավորվել, այդ ժամանակ թշնամին գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա էր, այս պահին դժվար է ասել, թե գյուղից որքան է հեռու կանգնած։

Ի դեպ, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի հրամանով, երբ հայկական զորքը Սյունիքում հետ քաշվեց զբաղեցրած դիրքերից, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձան սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնակավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։

Տեսանյութեր

Լրահոս