Դադարեք «տաքացնել ձեր ձեռքերը» բանակի հաշվին, կամ՝ իշխանությունների վտանգավոր սերն առ բանակ

Փետրվարի 7-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել էր, որ իր հերոսը հարկ վճարողն է, և եթե հարկ վճարողը չլինի, չի լինի բանակը: Բայց չգիտես՝ ինչու, երբ փիառի կամ նախկինների դեմ հեռակա հակամարտության անհրաժեշտություն է լինում, բանակն են «օգտագործում», էլ չասենք  գաղտնիության սկզբունքի խախտումների մասին:

Այս թեմային չէինք անդրադառնա, եթե այսօր հերթական անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իշխանության ներկայացուցիչները չդժգոհեին, որ ընդդիմադիր որոշ պատգամավորներ և լրատվամիջոցներ չեն խոսում առաջնագծում, երկրորդ գծում կատարվող ինժեներական, շինարարական աշխատանքների, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների մասին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ի գիտություն Անդրանիկ Քոչարյանի և իշխանական մյուս պատգամավորների՝ նշել է, որ կան վատ բաներ, որոնց մասին չեն ցանկանում խոսել, բայց դրանց մասին գրավոր տեղեկացնում են պաշտպանական գերատեսչության և ԳՇ ղեկավարությանը, և, որ բանակին առնչվող քարոզչական հարցերում պետք է սահմանափակումներ լինեն:

«Ինչ վերաբերում է վատ բան չասելուն՝ շատ բաներ կան, որոնց մասին ուղղակի չենք հայտարարում, չենք խոսում՝ ելնելով ազգային անվտանգությունից, պաշտպանության մասին մտահոգություններից։ Օրինակ, դեկտեմբերին մեր այցից հետո՝ Սեյրան Օհանյանի, Տիգրան Աբրահամյանի ու իմ, Պաշտպանության նախարարին կետ առ կետ, մանրամասն գրել ենք։

Կարդացեք նաև

Ի դեպ, վերջին կետը, որ գրել ենք, հետևյալն է՝ սահմանափակել քարոզչական առումով ամրաշինական աշխատանքների մասին քաղաքական շրջանակների, ԱԺ իշխանական պատգամավորների կողմից տարաբնույթ հարցազրույցներում, հայտարարություններում գաղտնիության թույլատրելիության սահմանն անցնելը և դա ներքաղաքական գործունեության մեջ շահարկելը»,- պաշտպանության հանձնաժողովի նիստում ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ երկու ամիս զինվորները մարտական հենակետից հերթափոխի չեն ենթարկվում, մինչդեռ չի եղել նախկինում դեպք, որ զինվորները 15 օրից ավելի մարտական հերթափոխ չանեն: Բնական է՝ վերջին դիտարկումն արձագանք չի գտել, և թեման Անդրանիկ Քոչարյանը փոխել է:

Հավելենք, որ 168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկ անգամ չէ հայտնել, որ մարտական հենակետեր, զորամասեր իր այցերից հետո դիտողությունների և առաջարկությունների փաթեթ է ներկայացնում ԳՇ պետին, ՊՆ-ին, նույնը նաև արվում է տարբեր ծրագրերի հետ կապված:

Այսինքն, անկախ ամեն ինչից՝ ՊՆ-ընդդիմադիր պատգամավորներ «համագործակցություն» կա, ինչի՞ց են նեղսրտում Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորները պետք է մանրամասնե՞ն, թե ամրացված շրջաններում ինժեներական և շինարարական ինչ լուծումներ են կիրառվում, կամ թե ադրբեջանական սադրանքի կամ հարձակման դեպքում ինչ հնարավորություններ են ստեղծվե՞լ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու Անդրանիկ Քոչարյանն իրենց բավարարված զգան: Այո, պաշտպանության նախարարությունը նաև լրատվամիջոցներին է տարել մի քանի ուղղություններով ամրացված շրջաններ, և դա, այսպես ասած, ճանաչողական այց է եղել, ոչ լուսաբանման համար, հիմա ի՞նչ՝ լրագրողներն ինքնագործունեությո՞ւն դրսևորեին, որից տուժելու էր բանակը, ՀՀ անվտանգությունը:

Նույնը վերաբերում է ռազմակրթական նոր մեթոդներին, գործնական պարապմունքներին, դեռ փորձնական փուլում կամ նոր ներդրված մեթոդները գաղտնազերծե՞նք, որ իր հարցազրույցներում Անդրանիկ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը կամ իշխանության ցանկացած ներկայացուցիչ քարոզչական լեգիտիմ հիմքեր ունենա՞: Հիմա ո՞ւմ մասին պիտի մտածենք՝ բանակի՞, թե՞ իշխանական քարոզչական ակցիաների:

Ի տարբերություն իրենց, ոչ բոլորն են բանակը սիրում քաղաքական նախասիրությունների պրիզմայով, և առիթի դեպքում ասվում է նաև լավը, իսկ վատի մասին խոսվում է սրտացավ, առողջ և առաջարկությունների տեսքով:

Իսկ Անդրանիկ Քոչարյանը քանի՞ անգամ է մի դրական բան արձանագրել նախկինում եղած բանակի մասին, 30 տարվա մեջ ոչինչ չի՞ եղել, զորամաս չի՞ սարքվել, նոր դիրքեր, հենակետեր չեն կահավորվե՞լ, սպառազինություն ձեռք չի՞ բերվել, որոնց մասին անգամ ադրբեջանական կողմն է դժգոհություն հայտնել:

Ի դեպ, 2018 թվականից հետո մինչ օրս դասական որևէ զորամաս չի կառուցվել, անձամբ հարցումներ եմ ուղարկել: Բանակը չի կարելի դարձնել քարոզչական գործիք՝ նախկինների հետ հաշիվներ մաքրելու, կամ Ազգային հերոս տալ, որովհետև նախկինները միայն հետմահու են դա տվել:

Զինված ուժերում վերջին կադրային նշանակումների մասին, մեկ շաբաթ է՝ իշխանության ներկայացուցիչները խոսում են, իսկ ո՞ւմ օրոք են այդ զինվորականները կրթություն ստացել, որոշակի կարիերա ստեղծել, իսկ նոր պաշտոններում նրանք դեռ պիտի քննություն հանձնեն, և պետք չէ ժամանակից շուտ այդ մարդկանց «արջի ծառայություն մատուցել», հատկապես, երբ տեսել ենք, թե ինչպես են զինվորականները 44-օրյա պատերազմի օրերին հերոսացվում, իսկ հետո դառնում դավաճան, նահանջող, փախնող, սիմուլյացիա անող և այլն: Բանակին չպետք է խանգարել ոչ քարոզչությամբ, ոչ կաշկանդելով, ոչ բարոյահոգեպես կոտրելով, ինչն այսօրվա իշխանություններն անում են:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը հաճախ է հիշում Վազգեն Սարգսյանին, Սպարապետն ասում էր՝ «երկրի մասին դատում են պատերազմի արդյունքով»:

Այս դեպքում կարող ենք ասել՝ բանակի մասին, զինված ուժերում կատարվող փոփոխությունների մասին դատում են դիրքում արձանագրվող արդյունքներով, թե ինչպես ենք կանխում թշնամու սադրանքները, ինչպես ենք պատասխանում այդ սադրանքներին, ինչպես ենք ոգևորում դիրքապահ զինվորին ու սպային, ով ամեն օր լսում է երկրի ղեկավարության հայտարարությունները բանակի լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրների մասին, սահմանի մերը լինելու կամ մերը չլինելու մասին, և նրա մոտ տրամաբանական հարց է ծագում՝ հիմա ես ո՞ւմ սահմանն եմ պահում, և արդյո՞ք վաղն այն չպահելու համար իշխանություններն իրավունք են ունենալու պատժել, երբ ըստ Փաշինյանի՝ չկա հստակ որոշված սահման: Իշխանությունները բանակի հաշվին փիառվելուց առաջ լավ կանեն այս վտանգավոր պահերի մասին մտածեն, ոչ թե՝ սպան քանի լեզու գիտի, կամ ինչ համազգեստ է հագնելու:

Ի դեպ, ԳՇ գործող պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ԳՇ պետի նորանշանակ տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը 2021 թվականի փետրվարի 25-ին հայտարարել էին, որ տևական ժամանակ զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհներ» են եղել, և, որ Փաշինյանը հատել է սահմանները:

Այսինքն, բանակի դեմ Փաշինյանի իշխանությունն է աշխատել: Իսկ թե ինչ տեղի ունեցավ 2021 թվականի ԳՇ հայտնի հայտարարությունից հետո, Փաշինյանի հրաժարականը պահանջած զինվորականներից քանիսը մնացին բանակում, առաջիկայում մանրամասն կանդրադառնանք:

Տեսանյութեր

Լրահոս