Այս իշխանության վարած քաղաքականությունը հակասում է «Ղարաբաղ» կոմիտեի գաղափարներին. Արամ Մանուկյան

«Հայ ժողովուրդն իր ամբողջ գոյության ընթացքում փնտրտուքների մեջ էր. անընդհատ փորձում էր տեր գտնել. մեկ՝ հյուսիսում, մեկ՝ հարավում, ուստի 1988 թվականի շարժումը եկավ հենց այդ կարծրատիպը կոտրելու և հայ ժողովրդին ասելու՝ հայը պետք է տեր կանգնի հային»,- այսօր Արցախյան շարժման 36-րդ տարեդարձին, քննարկման ժամանակ ասաց բանախոսներից ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

««Ղարաբաղ» կոմիտեն բերեց հայկական մտածելակերպ՝ միևնույն ժամանակ միանալով համաշխարհային այն մտածողությանը, ըստ որի՝ կան հավերժական շահեր։ Կոմիտեն սկսեց հասկացնել, որ հայի շահը հավերժ է։ Դա էր «Ղարաբաղ» կոմիտեի ամենակարևոր ձեռքբերումը։

Կարևոր էր նաև այն, որ այդ շարժումն իրատեսական խնդիրներ դրեց իր առջև, այն է՝ հայ ժողովուրդը պետք է ապավինի իր ուժերին. հայը պետք է լինի իր գլխի տերը»,- պատմեց Արամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ հիմա ականատես ենք լինում լրիվ հակառակին, ինչի հետևանքով կանգնած ենք պետությունը կորցնելու խնդրի առջև։

«Հայաստանի իշխանությունն այսօր անում է քայլեր, որոնք մեր ռեսուրսներին համապատասխան չեն, և թշնամիներ են վաստակում։ Այս իշխանության վարած քաղաքականությունը հակասում է «Ղարաբաղ» կոմիտեի հիմնական գաղափարներին»,- ասաց Արամ Մանուկյանը՝ շեշտելով՝ մինչդեռ հային արժանապատիվ կեցվածք տվել է հենց այդ շարժումը և իսկական հեղափոխությունը հենց սա էր. հեղափոխություն՝ առաջին հերթին՝ քաղաքական մտքի ու մշակույթի։

 

Տեսանյութեր

Լրահոս