Առանց «իզմ»-երի ոչ մի տեղ չեն ընդունի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դառնա եվրոպական կուսակցական որեւէ ընտանիքի, միության անդամ, ինչպես, ասենք՝ ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը» Եվրոպայի ամենաազդեցիկ պահպանողական կուսակցություններից մեկի` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ են, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության եւ այլն։
Նախօրեին կուսակտիվի հետ Փաշինյանը քննարկել է այդ հարցը, առաջարկել ՔՊ-ականներին կարծիքներ հայտնել, թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին են համապատասխանում ՔՊ գաղափարախոսական ուղղությունները, որին կարելի է դիմել։
Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել եվրոպական կուսակցական միությունների վերաբերյալ զեկույցով, մանրակրկիտ ներկայացրել տարբեր միությունների սկզբունքներն ու ուղղությունները, սակայն հավաքին մասնակից ՔՊ-ականների մոտ գերիշխել է այն կարծիքը, որ ՔՊ գաղափարական հենքը հստակ չի համապատասխանում որեւէ ընտանիքի գաղափարներին:
Այսպես ասած` միքս է, ուստի դեռեւս որոշում չեն ընդունել, եւ առաջիկայում հարցի քննարկումը կշարունակվի, որ հասկանան, թե ՔՊ-ն որ միությանն է անդամության հայտ ներկայացնելու։ ՔՊ-ում, փաստորեն, իշխանության վեցերորդ տարում որոշել են, որ թեպետ լինելով աշխարհի «ամենաժողովրդական» ուժը, այդուհանդերձ, չի կարելի արտաքին աշխարհից մեկուսացած գործել, եւ ժամանակն է երկնքից իջնել ու համագործակցել եվրոպական այլ կուսակցությունների հետ նույնպես։ Բայց «իզմ»-եր չունեցող կուսակցության համար բարդ է նման հարթակ գտնելը»: