Վահան Քերոբյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե. Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը քիչ առաջ մտել է ՀՀ քննչական կոմիտե, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Փետրվարի 14-ին նա հայտնել էր, որ հրաժարական է տալիս նախարարի պաշտոնից։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալ էր սկսվել հունվարի 31-ից։
Նախ Անի Իսպիրանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։
Ըստ ՔԿ-ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Այս գործով արդեն կալանավորվել են «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, իսկ ընկերության աշխատակցուհիներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։
Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։