Բոլոր բարձունքները վերցրել են. չի բացառվում՝ Փաշինյանը Հայաստանից օկուպացված տարածքներն էլ Ադրբեջանինը համարի. Սարգսյան
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ («Ռեվյու» հաղորդաշարի նկարահանման պահին, ըստ պաշտոնական հայտարարության, զոհերի թիվը եղել է 2) և 1 վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ավելի ուշ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ադրբեջանական կողմից Հայաստանի ուղղությամբ լարվածության աճը դիտարկեց Հայաստանի իշխանության ղեկավարի կողմից անընդհատ ամեն ինչ զիջելու պատրաստակամությամբ։
«Համոզված են, որ Հայաստանի իշխանությունը հակահարվածի և համապատասխան գործողության չի՛ դիմելու, և լկտիանում են։ Երբ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, թե՝ Ալիևը թող ասի՝ Հայաստանի ո՞ր սահմաններն է ընդունում, պարզ է, որ դրանից հետո Ալիևն ասելու է՝ ինչ ուզենամ՝ կանեմ, որքան հնարավոր է՝ շատ զիջումներ կպահանջեմ։ Գիտեք, այս վիճակը հետևանք է նրա, որ Հայաստանի ղեկավարը վախկոտ մարդ է, նա կառավարել չի՛ կարող։ Մի մարդ, որը Հայաստանում մի շենքից մյուս շենք գնալու համար իրեն ապահովագրում է բազմաթիվ ոստիկաններով, ինչպե՞ս կարող է երկիր ղեկավարել»,- ասաց Արամ Սարգսյանը՝ Հայաստանը ղեկավարողի վախի ուղիղ դրսևորում համարելով Պաշտպանության նախարարության երեկ տարածած հայտարարությունը, ըստ որի՝ հետաքննելու են, պարզեն՝ արդյո՞ք հայ զինվորները կրակել են ադրբեջանցիների ուղղությամբ, եթե այո՝ պատժեն։
«Եթե մենք ազգովի հանդուժենք այս ամենը, ուրեմն կկորցնենք ամեն ինչ։ Սա դիտավորյալ քաղաքականություն է. դիտավորյալ՝ Արցախում, որովհետև Փաշինյանը դեռևս լրագրող ժամանակ էր ասում, թե՝ Արցախը մեր ի՞նչին է պետք, դիտավորյալ՝ նաև Հայաստանում։ Վաղը Փաշինյանն ընդունելու է, որ Հայաստանից Ադրբեջանի կողմից օկուպացված 200 քառակուսի կիլոմետրը, որն իրականում ավելի շատ է, Հայաստանինը չէ, տեսնում ենք, որ որևէ գործողություն չեն անում մեր տարածքները ազատագրելու։ Նրանք եկել, զենքով բոլոր բարձունքները վերցրել են, ինչո՞ւ հիմա պետք է տան»,- ասաց Սարգսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։