Հեռացնել Նիկոլին, բերել ուժեղ ղեկավարի, այդ ժամանակ Ադրբեջանն այլ ձևով կխոսի. մեզ պաշտպանելու համար նորմալ ղեկավար է պետք. Մանվել Եղիազարյան

Փետրվարի 12-ին ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ «հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», ինչից հետո ՊՆ-ն հաղորդեց, որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական  ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ողբերգություն համարեց այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի հետ։ Ցավալի է համարում այն, որ Ադրբեջանի սադրանքների ֆոնին՝ երբ հայեր են զոհվում, ՀՀ իշխանությունը շարունակում է խոսել խաղաղության մասին։

«Ադրբեջանում սրանց խաղաղությունն ընդունո՞ւմ են, դու խաղաղություն ես քարոզում, ասում ես՝ գնում եմ խաղաղության, փոխարենն Ադրբեջանն ասում է՝ գալու եմ ու քեզ քո երկրում ստորացնեմ, սա խաղաղությո՞ւն է։

Ադրբեջանը բացահայտ ասում է՝ Հայաստան ու հայ ազգ գոյություն չի ունեցել, սրանք ասում են՝ ոչինչ, սրանք գնում են խաղաղության, կներեք, բայց նման խաղաղության գնում են միայն հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ։ Այս մարդու համար առհասարակ կապ չունի հայրենիքի, ազգի պատկերը՝ ստորացվա՞ծ, թե՞ առաքինի, մարդն աչքերը բացում ու խաղաղություն է քարոզում։

Կարդացեք նաև

Կրկնում եմ՝ այդ խաղաղությունը հորինված է սրանց կողմից, Ադրբեջանը խաղաղության չի գնում, դա ամեն օր է ապացուցում»,- նշեց Մանվել Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի ղեկավարությունն իր երկիրը չի պաշտպանում, արդյունքում՝ Ադրբեջանը լկտիանում է։

«Ադրբեջանը երբեք ուժեղ չի եղել, նրանց մեծ-մեծ խոսելուն մի նայեք, այդպես են խոսում, որովհետև Հայաստանի ղեկավարը թույլ է։ Նրանք կշարունակեն այդպես վարվել, եթե մենք մեզ չպաշտպանենք, իսկ պաշտպանելու համար պետք է ունենանք նորմալ, ազգասեր ղեկավար։ Երբ տեսնեն, որ մենք մեր հողը, մեզ պաշտպանում ենք, սսկվելու են, իրենց համար ապրեն։

Մենք ապացուցել ենք, որ կարող ենք հաղթել, հետևաբար՝ հիմա էլ Նիկոլին հեռացնենք, բերենք ուժեղ, ազգասեր, այլ կարգի  ղեկավարի, կարող ենք հաղթել, կարող ենք ազգի մեջ բարձրացնել հայրենասիրական ոգին ու հաղթենք։ Եթե այդպես անենք, Ադրբեջանը սկսելու է խելոքանալ, ինքն է արդեն խնդրելու խաղաղություն։

Ես հո ադրբեջանցիներին լավ եմ ճանաչում, գիտեմ, որ երբ Հայաստանն ուժեղ ղեկավար ունենա, այն ժամանակ այլ ձև է խոսելու»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս