«Խայտառակ ենք լինում. ամեն մեկը չպետք է դուրս գա ու ավել-պակաս խոսի եկեղեցու ու Վեհափառի հասցեին». Մանվել Եղիազարյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական իր արշավը։ Նա գրեթե ամեն շաբաթ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույց է ունենում ու հայտարարում, որ Վեհափառ հայրապետը պետք է հեռացվի։ Մինչ իրավաբանները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է  Սահմանադրությունը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին, Նիկոլ Փաշինյանը «բարենորոգման» անվան տակ գրեթե բոլոր հարթակներում փորձում է սևացնել Վեհափառին ու նրա շուրջը համախմբված հոգևորականներին։

Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական այս քայլերը խայտառակություն է որակում։

«Անձամբ շատ վատ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր ընդվզում են Առաքելական եկեղեցու դեմ։

Նույնիսկ, եթե մեր եկեղեցում խնդիր կա, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է լուծի, այլ եկեղեցու սրբազան հայրերը։ Տիեզերական ժողով կհրավիրեն, հարցերը կքննարկեն, լուծումներ կգտնեն, ամեն մեկը չպետք է դուրս գա ու ավել-պակաս սկսի խոսել եկեղեցու ու Վեհափառի հասցեին։

Կարդացեք նաև

Ամբողջ աշխարհը մեզ է նայում, խայտառակ ենք լինում։ Այսօր ո՞վ է այս իշխանությանն ասել, որ կաթողիկոսին փոխելու ժամանակն է, մեր երկիրն այլ խնդիր ունի։ Պարզպես չգիտեմ՝ ինչո՞ւ ենք մենք այսօր մեզ պահում անպատվաբեր ժողովրդի նման»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մանվել Եղիազարյանը։

Հարցին՝ հանրությունն էլ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ասելով, որ վերջինս հանձնել է Արցախը, տվել հազարավոր զոհեր, ինչո՞ւ չի հեռանում, Մանվել Եղիազարյանը պատասխանեց.

«Այս մասին ես մեկ այլ առիթով կխոսեմ, որովհետև այսօր որքան էլ մենք փաստեր ներկայացնենք, ժողովուրդը քարացած է, չի արձագանքի։ Ժողովուրդը դարձել է Սֆինքս՝ շարժել հնարավոր չէ։ Դրա համար այս պահին ավելին չեմ ասի, երբ շարժվի՝ այդ ժամանակ ասելիքս կասեմ»,- ընդգծեց Մանվել Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, Նիկոլ Փաշինյանը պայքարում է, որպեսզի Վեհափառ հայրապետին հեռացնի։ Նրա շուրջ հավաքվել են մի քանի եպիսկոպոսներ ու քահանաներ, նրանք ժողովրդի շրջանում ստացել են «տիրադավ» անվանումը։

Տեսանյութեր

Լրահոս