Ինչ անել տվյալների արտահոսքի դեպքում
Kaspersky Digital Footprint Intelligence թիմի փորձագետներն ընկերությունների համար մշակել են մանրամասն ուղեցույց՝ դարկվեբում տվյալների արտահոսքին հետևելու և արձագանքելու գործընթացը կազմակերպելու համար:
«Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ չարագործները գաղտնի կորպորատիվ տեղեկատվություն գողանալու նոր միջոցներ են մշտապես հորինում: Սա իրական սպառնալիք է ցանկացած ոլորտի և մասշտաբի ընկերությունների համար: Kaspersky Digital Footprint Intelligence ծառայության տվյալներով՝ 2022-ին տվյալների կոտրման ենթարկված կազմակերպությունների 42%-ը նման միջադեպերի մշակման համար պատասխանատու կոնտակտային անձ չի ունեցել։
Ընկերությունների ավելի քան մեկ քառորդը (28%) կամ չի արձագանքել ծանուցմանը, կամ հայտարարել է, որ դա իրենց անհանգստությունը չի առաջացնում: Ընկերությունների միայն 22%-ն է պատշաճ արձագանքել կիբեռմիջադեպի մասին տեղեկատվությանը, իսկ 6%-ը հայտնել է, որ արդեն տեղյակ է տեղի ունեցածի մասին:
«Կասպերսկի» ընկերության մանրամասն ուղեցույցը ընկերություններին թույլ կտա կառուցվածքավորել արտահոսքին արձագանքելու գործընթացը՝ նախանշել անհրաժեշտ քայլերը և կոնկրետ դերեր նշանակել պատասխանատուներին:
Ուղեցույցը ներառում է ոչ միայն տեխնիկական մանրամասներ, օրինակ՝ ինչպես կարգավորել դարկվեբի ռեսուրսների մշտադիտարկման համակարգը՝ միջադեպերը օպերատիվ բացահայտելու համար, այլև արժեքավոր առաջարկներ այն մասին, թե ինչպես արտահոսքի դեպքում արդյունավետ հաղորդակցություն կառուցել ԶԼՄ-ների, հաճախորդների, գործընկերների, բարձրագույն ղեկավարության և ներգրավված այլ կողմերի հետ:
«Ընկերությունները հաճախ չեն հասկանում, թե ինչպես վարվել միջադեպի արդյունքում, ինչպես արձագանքել ոչ միայն արագ, այլև կոռեկտ՝ հեղինակության և ֆինանսական հնարավոր վնասը առավելագույնս նվազեցնելու համար: Մենք տեսնում ենք, որ բիզնեսի մոտ հասունացել է արտահոսքերին հստակ կառուցված արձագանքման գործընթացի անհրաժեշտությունը, և քանի որ նման միջադեպերը մոտ ժամանակներս չեն դադարի, որոշել ենք կիսվել մեր բազմամյա փորձով և գիտելիքներով մանրամասն ծավալուն ուղեցույցում: Վստահ ենք, որ այն օգտակար կլինի ընկերությունների մեծ մասի համար»,- մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի ավագ վերլուծաբան Աննա Պավլովսկայան։