«Պետությունն ասում է՝ երեխայիդ վիճակը թող վատանա, նոր կմտածենք թոշակ տալու մասին». պետությունը միջոցները խնայում է հաշմանդամություն ունեցող երեխաների հաշվի՞ն
168.am-ի խմբագրություն է ահազանգել 12-ամյա Կոլյա Շահնազարյանի մայրը՝ Էսմերալդա Շահնազարյանը. «ՄՈՒՊ աջակողմյան հեմիպարեզ» ախտորոշմամբ որդուն որոշել են զրկել հաշմանդամության կարգավիճակից:
2014 թվականից մինչև 2024 թվականի հունվար երկու տարին մեկ անգամ թոշակավորման զննությունները հաստատել են երեխայի հաշմանդամության փաստը. այս տարի փետրվարին, սակայն, մերժել են կարգավիճակ տալ՝ ծնողին համոզելով, թե մանկական ուղեղային պարալիզ ունեցող երեխան արդեն հաշմանդամ չէ:
«Վերջին կոմիսիան մեզ վստահեցնում է, որ երեխաս հաշմանդամություն չունի՝ ընդամենը 18 տոկոս է, մինչդեռ երեխայիս վիճակն ավելի է վատթարացել այս տարիների ընթացքում, քայլում է դժվարությամբ, ինքնուրույն չի կարողանում հագնվել, դպրոցում օգտվել սանհանգույցից, հաճախ փոքր եղբայրն է օգնում: Երեխայիս մի ոտքը մյուսից բարակ է ու կարճ»,- պատմեց երեխայի մայրը:
Նա այսօր բողոքարկել է Միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացվող զննության արդյունքները՝ զարմացած է, թե ինչպե՞ս են ակնհայտ խնդիրն անտեսում զննող խմբի անդամները:
«Իմ երեխային անհրաժեշտ է օրթեզ, որը պետությունը տրամադրում էր նախկինում, այս որոշումից հետո՝ ինձ չեն տա, պետք է ստացիոնար բուժում: Այդ գումարը, որ ստանում էր, չնչին գումար էր, բայց այդ գումարով ինքը լողի էր գնում, որն իր առողջությանը շատ է պետք: Ես չեմ աշխատում, երեք անչափահաս երեխա ունեմ, ամուսնալուծված եմ, ինչպե՞ս եմ հոգալու երեխայի բոլոր ծախսերը: Այդ հիվանդությունն այն հիվանդությունն է, որ եթե իր հետ չաշխատեն, երեխայի ոտքի մկանը կկարճանա, նույնիսկ օրթոպեդն էր գրել՝ Ձեր երեխային 6 ամիսը մեկ պարտադիր ստուգում է պետք, որովհետև իր հասունացման շրջանն է: Ու հիմա՝ իրենք ինձ զրկում են օրթեզից. ես չունեմ էդ 100 քանի հազարը, որ վճարեմ՝ իմ երեխային հագցնեն, չունեմ էդ կոշիկը, որը արժե 40-50 հազար, որը պետությունը տալիս էր անվճար, ու այսօր էլ չեմ ստանա:
Հիմա ստացվում է՝ էս պետությունն ասում է՝ երեխայովդ մի՛ զբաղվի, մի՛ տար բուժումների, թող օրթեզ չհագնի, վիճակը վատանա, նոր կմտածենք թոշակ տալու մասին»,- հուզմունքով նշեց Էսմերալդա Շահնազարյանը:
168.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ որևէ պարզաբանում ստանալու ակնկալիքով: Նախարարությունից տրամադրել են երեխային առնչվող տեղեկանք, որում մասնավորապես ասվում է. «06.02.2024-ին իրականացված Կոլյա Շահնազարյանի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ, բժիշկ և հարբժշկական մասնագետները ուսումնասիրել են ներկայացված բժշկական տվյալները, իրականացրել են օբյեկտիվ զննություն և օրգանիզմի ֆունկցիաների և կարողությունների գնահատված ծածկագրերի որակիչները մուտքագրվել են e-disability համակարգ (ընդորում, գնահատված որակիչները միջինում եղել են 1 (թեթև)), որի արդյունքում ինքնաշխատ եղանակով ձևավորվել է անձի ֆունկցիոնալության գնահատման որոշում 18% (թեթև) սահմանափակումով»:
Էսմերալդա Շահնազարյանը, արձագանքելով այս տեղեկանքին, տրամադրեց լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ ակնհայտ էր երեխայի առողջական խնդիրը:
Պարզվում է՝ տարեսկզբի զննությունից հետո ծնողների նմանատիպ ահազանգերը շատ են. «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հենց այս ահազանգերի մասին խոսեց:
«Շատ ծնողներ են բողոքում: Փոխել են բոլոր կրետերիաները, որոնցով գնահատվում էր հաշմանդամությունը, և ֆունկցիոնալության գնահատման այդ կրետերիաների հետևանքով ակնառու հիվանդ երեխաները զրկվում են հաշմանդամության կարգավիճակից:
Այսինքն՝ այն երեխաները, որոնք դեռ ունեն օրգան-համակարգերի նորմալ աշխատանք, բայց ունեն լուրջ հոգածության կարիք, որպեսզի առավել չբարդանա իրենց վիճակը, չեն ստանում կարգ, չեն ստանում պետության կողմից տրված տարբեր իրավունքները՝ առողջապահական, ֆինանսական, որի հետևանքով այդ հիվանդությունները հետագայում այդ երեխաներին կբերեն ծանր հաշմանդամության»,- մանրամասնեց առողջապահության փորձագետը:
Անդրադառնալով նոր համակարգով գնահատման օբյեկտիվության մասին հարցերին՝ Անուշ Պողոսյանը նկատեց, որ այդ ստուգումներն արվում են շատ ավտոմատացված ձևով, ու իր տեղեկություններով՝ նույնիսկ սոցիալական ծառայության այդ բաժինների բժիշկներ են ազատվել աշխատանքից:
«Մանկական ուղեղային պարալիչը ծանրագույն խնդիր է, որը ծնողներից անդադար պահանջելու է ուշադրություն. երեխային տանել դեղորայքային, վերականգնողական բուժումների, և, ընդհանրապես, նրանք երեխաներ են, որոնք անդադար ուշադրություն և ծախս են պահանջում, ու այդ երեխաներին կտրել թոշակներից՝ իրականում մեծ բեռ է դառնալու այն ընտանիքների համար, որտեղ ապրում են այդ երեխաները:
Սոցապնախարարությունն Առողջապահության նախարարության հետ տարբեր փորձարկումներ է արել, և գնահատել են, որ այդ համակարգն իդեալական է. գուցե նրա համար, որ դա Հայաստանում արհեստականորեն խիստ իջեցնելու է հաշմանդամների թիվը:
Նաև մեծահասակներն էին բողոքում. շատ ունեինք 44-օրյա պատերազմի մասնակից տղաներ, որոնց կտրեցին հաշմանդամությունից, այժմ անցել են երեխաներին»,- ամփոփեց նա: