Ուռուցքաբանը խոսել է միկրոալիքային վառարանների և քաղցկեղի կապի մասին
Միկրոալիքային վառարանները, հակառակ հաստատված առասպելի, չեն առաջացնում քաղցկեղի զարգացում, վստահեցրել է ուռուցքաբան Սնեժաննա Գենինգը։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է այս կենցաղային սարքի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապի բացակայության մասին։
«Միկրոալիքային վառարանները տաքացնում են սնունդը՝ օգտագործելով ճառագայթում, և հենց այս փաստն է մի քանի տասնամյակ շարունակ խոսակցությունների տեղիք տալիս դրանց վտանգի մասին։ Միկրոալիքները պատկանում են էլեկտրամագնիսական սպեկտրին: Այս սպեկտրը լայն է. այն ներառում է ռադիոալիքներ, ինֆրակարմիր ճառագայթներ, բջջային հեռախոսների ճառագայթում, Wi-Fi, հեռուստացույց, ռենտգեն և նույնիսկ սովորական տեսանելի լույս: Ալիքների ազդեցությունը կախված է դրանց հաճախականությունից»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է ուռուցքաբանը։
Ըստ Գենինգի՝ ցածր հաճախականության ալիքները, որոնց օգնությամբ սնունդը տաքացնում են միկրոալիքային վառարանում, չեն կարող փոխել ատոմների կառուցվածքը։
Տաքացվող սնունդը չի պարունակում ալիքներ կամ վտանգավոր ճառագայթում և ռադիոակտիվ չէ, վստահեցրել է բժիշկը։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ չի կարելի օգտագործել անսարք միկրոալիքային վառարաններ։ Բացի այդ, տաքացման համար չնախատեսված պլաստմասսե տարա չի կարելի դնել ջեռոցում, այն կարող է թունավոր նյութեր արտանետել»,- ամփոփել է բժիշկը։