Էրդողանը ստորագրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին նախագահական հրամանագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահականի կողմից սոցցանցերում տարածված հայտարարության մեջ ասվում է. «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշմանը Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու մասին։ Էրդողանը ստորագրել է նախագահական հրամանագիրը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին և հաստատել համապատասխան արձանագրությունը»:
Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Շվեդիայի Թագավորության միանալու արձանագրության վավերացումը հաստատող օրենքը հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրի» վերահրատարակման մեջ։
Օրենքն ուժի մեջ է մտել «Պաշտոնական տեղեկագրում» վերահրապարակվելուց հետո։