Արմեն Մելիքբեկյանը կայացրել է առաջին դարակազմիկ որոշումը. իմա՞ստը
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ավետեց՝ թարմացնում է իր տարբերանշանը:
«ՀՖՖ-ի նորացված տարբերանշանը պահպանել է հնի հիմնական խորհրդանիշերը՝ Արարատի պատկերը, հայատառ գրությամբ հապավումը (ՀՖՖ), կառույցի անվան լատինատառ շրջանաձև գրությունը։ Ժամանակի հրամայականներից է, որ տարբերանշանները ստանում են ավելի նուրբ գծեր, ունենում են ավելի սահուն անցումներ տարրերի միջև, դրանց նրբերանգների ու գույների համադրություն։ Նորացված տարբերանշանը ստեղծվել է հենց այդ տրամաբանության շրջանակներում: Այն խորհրդանիշը, որը տարիներ շարունակ ուղեկցել է ՀՖՖ-ին և ազգային ընտրանիներին, այսուհետ ներկայանալու է նոր տեսքով»,- գրված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ:
Որևէ խնդիր չունենք ՀՖՖ-ի՝ տարբերանշանը փոխելու որոշման հետ, բայց մեծ հաշվով ՀՖՖ տարբերանշանը բովանդակային առումով չի փոխվել: «Տարբերանշաններն ունենում են սահուն անցումներ» ձևակերպման տակ, թերևս, ՀՖՖ-ում նկատի են ունեցել սահմանների ջնջումը:
ՀՖՖ նոր տարբերանշանում նախկինի համեմատ ջնջվել են սահմաններն ու վերացել են գույները… Հա, մեկ էլ եռագույն գծանշումներ են ավելացվել, բայց պատկերային, բովանդակային առումով տարբերանշանը փոփոխություն չի կրել:
Թե որքան գումար է ծախսվել նոր լոգոյի «ստեղծման» վրա, երևի մի օր կիմանանք: Թե ինչու են ջնջվել սահմանները, կարելի է դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումների ու ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ու իր քաղաքական հոր նախընտրությունների տրամաբանության մեջ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջինս էլ Ալիևի ու Էրդողանի պես խորհրդանիշների հանդեպ թուլություն ունի:
Ինչևէ, ՀՖՖ վերընտրված նախագահի պաշտոնում, արձանագրենք, Արմեն Մելիքբեկյանը կայացրել է առաջին դարակազմիկ որոշումը: Նոր տարբերանշանն անպայմանորեն հայկական ֆուտբոլը կհասցնի համաշխարհային բարձունքների, և Հայաստանի ազգային հավաքականը պարտադիր կդառնա աշխարհի չեմպիոն: