Տեսչական մարմինը ստուգումներ է սկսելու հանրապետության խոշոր առևտրի կենտրոններում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը փետրվարից ստուգումներ է սկսելու հանրապետության խոշոր առևտրի կենտրոններում։ Ուշադրության կենտրոնում լինելու են տեխնիկական և հրդեհային անվտանգության խնդիրները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ ռիսկային առևտրի կենտրոններ չեն առանձնացնելու, ուշադրության առանցքում լինելու են բոլոր խոշոր առևտրի կենտրոնները։
«Ինչպես գիտեք, մենք նախորդ տարի լայնածավալ ստուգումներ ենք կատարել բոլոր խոշոր առևտրի օբյեկտներում։ Բոլոր այն դեպքերում, երբ տեսչական մարմնի մասնագետներն առևտրի օբյեկտներում հայտնաբերել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք լինել հանրության անվտանգությանը, կայացրել են որոշումներ այդ օբյեկտների գործունեությունը դադարեցնելու մասին։ Այժմ բոլոր խոշոր առևտրի օբյեկտներում նախատեսվում է իրականացնել կրկնակի ուսումնասիրություն։ Եթե առևտրի օբյեկտներում վերացված չլինեն խախտումները, ապա նորից կայացվելու են որոշումներ այդ օբյեկտների գործունեությունը դադարեցնելու մասին»,-ասաց Գարեգին Խաչատրյանը։
Տեսչական մարմնի ղեկավարի դիտարկմամբ՝ նախորդ ստուգումներից հետո գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվել են մեծածավալ աշխատանքներ խախտումները վերացնելու ուղղությամբ։ Բոլոր այն դեպքերում, երբ հերթական ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ այդ օբյեկտներում վերացել է հանրության անվտանգությանը սպառնացող ռիսկը, կայացվել են որոշումներ այդ օբյեկտների գործունեությունը վերսկսելու մասին՝ պայմանով, որ մնացած բոլոր խախտումները, որոնք անմիջական սպառնալիք չէին ստեղծում հանրության անվտանգության համար, պետք է վերացվեին։ Առաջիկայում սպասվող ստուգումների ընթացքում դիտարկվելու է այդ բացերը վերացրած լինելու հանգամանքը։