«Ничего личного, только бизнес». թուրքական ծագում ունեցող զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչը գործընկերներին հրավիրում է Ստամբուլ
Հունվարի 4-ին «Հայկական ավիաուղիներ» բավականին գայթակղիչ անվանմամբ վերաբրենդավորված թուրքական «Պեգասուս» ընկերության սեփականատերերից մեկը՝ Ռուսաստանում լայն ճանաչում ունեցող «Պեգաս տուրիստիկ» («PEGAS Touristik») զբոսաշրջային ընկերության երևանյան ներկայացուցչության գլխավոր մենեջեր Միխայիլ Ասրիյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ անվճար գովազդային-ինֆորմացիոն տուր է կազմակերպում դեպի Ստամբուլ, ավելի ճիշտ՝ Ստամբուլի հյուրանոցներ:
Կեցությունը, ըստ գրառման հեղինակի, 4* ½ DBL հյուրանոցում անվճար է լինելու, սակայն ավիափոխադրման ու վիզայի համար տուրի մասնակիցները պետք է վճարեն իրենք:
Տուրը նախատեսված է փետրվարի առաջին շաբաթվա համար:
Դեռևս 2023թ. փետրվարին 168.am-ն անդրադարձել էր «Հայկական ավիաուղիներ» կոչվող փուչիկին, երբ նախորդ տարվա սկզբին հայտնի դարձավ, որ հայկական ավիաշուկա է վերադառնում «Հայկական ավիաուղիներ» («Armenian Airlines») պատմական բրենդը: Բայց չշտապեցինք ուրախանալ, որովհետև հայկական անվանի բրենդը փաստացի, մեր տեղեկություններով, վաճառել էին թուրքերին:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հաստատել էր, որ նշված ավիաընկերությանը տրվել է ռուսական մի քանի ուղղություններով թռիչքներ իրականացնելու թույլտվություն: Պատասխանել էին նաև, որ ընկերության սեփականատերեր են հանդիսանում Օզ Յակուպխանգուլարինդան, Ռոսեն Բոյանովը, Հերմինե Հովհաննիսյանը, Միխայիլ Ասրիյանը և Արարատ Սարգսյանը:
Գրել էինք նաև, որ «Հայկական ավիաուղիներ» ընկերության սեփականատերերից մեկը՝ Միխայիլ Ասրիյանը, Ռուսաստանում լայն ճանաչում ունեցող «Պեգաս տուրիստիկ» («PEGAS Touristik») զբոսաշրջային ընկերության երևանյան ներկայացուցչության գլխավոր մենեջերն է, իսկ «Պեգաս տուրիստիկ» («PEGAS Touristik») ընկերությունը հայտնի զբոսաշրջային ընկերություն է, հիմնադրվել է 1994թ., ազգությամբ թուրք Ռամազան Ակպինարի կողմից: Գրասենյակներ ունի մասնավորապես Ռուսաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում:
Ու հիմա, փաստորեն, թուրքական ծագում ունեցող զբոսաշրջային ընկերության գլխավոր մենեջերն իր գործընկերներին հրավիրում է բացահայտել թուրքական ամենահայտնի քաղաքի հյուրանոցները:
Բնական է, որ սա արվում է Թուրքիա նոր տուրիստական հոսքեր ապահովելու համար: Այսինքն՝ ո՛չ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական բայրաքթարների կողմից սպանված հազարավոր հայ զինծառայողների հանգամանքը, ո՛չ Թուրքիայի կողմից Ադրբեջանի նվաճողական քաղաքականությանն անվերապահ աջակցությունն այս տուրը կազմակերպելուն չի խանգարել:
Ենթադրաբար, չի խանգարի նաև, որ որոշ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ օգտվեն այդ տուրի ընձեռած հնարավորություններից: Ինչպես ասում են, ոչ մի անձնական բան, միայն բիզնես…
Փաստացի թուրքական փափուկ ուժն անվրեպ հարվածներ է հասցնում: