Բաժիններ՝

Երևանում 2023 թվականին կանաչ տարածքներն ավելացել են շուրջ 20 հեկտարով

Երևանում ընթացիկ տարում կատարվել են աննախադեպ ծավալի կանաչապատման աշխատանքներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց, որ անցնող տարում Երևանի ամենամեծ ձեռքբերումը կանաչապատման աշխատանքներում նոր նշաձող սահմանելն է։ Ընթացիկ տարում լայնածավալ աշխատանքներ են կատարվել եղած ծառերն առավել արժեքավորներով փոխարինելու, անտառային տարածքների, ծաղկանոցների հիմնման ուղղությամբ։

«2023 թվականը մեզ մոտ մեկնարկել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող շուրջ 15 հա տարածքում քաղաքային անտառային տնկարկի հիմնման աշխատանքներով։ Մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ սկզբում ջուրն, այնուհետև մնացածը, իսկ դա նշանակում է, որ ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ նկատելի աշխատանք կա կատարված։ Մասնավորապես, անցկացվել է 7 հազար գծամետր ոռոգման համակարգ։ Կատարվել է ռեկուլտիվացիա, գրեթե աղբանոցի վերածված հողերում հիմնվել է անտառային տնկար։ Նշված տարածքում տնկվել է շուրջ 5 հազար ծառաթփատեսակ»,-ասաց Արմեն Բեգոյանը։

2023 թվականին առաջին անգամ մեկնարկեցին կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքները։ Գիտնականների հետ քննարկումների արդյունքում արձանագրվեց, որ Երևանի կանաչ ֆոնդը ծերացած է, զգալի հատվածը կորցրել է կենսունակությունը։ Որոշում կայացվեց կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել առավել արժեքավորներով։

«Երևանը ներկրեց հասուն, արժեքավոր, գեղազարդ ծառատեսակներ։ Այս ծառերը արժեքավոր են իրենց գործառույթով, դրանց օգտակար գործողության գործակիցը շատ բարձր է օդի մաքրման, փոշու կլանման և այլ հարցրերում։ Քաղաքային պայմաններում դրանց կյանքը 40-50 տարի է»,-ասաց Արմեն Բեգոյանը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանը տեղեկացրեց, որ Երևանը ձեռք է բերել 10 տարեկան ծառեր, որ հենց տնկման պահից դրանք կատարեն իրենց գործառույթը։

«Այս նոր տնկված ծառերը հենց սկզբից կատարում են իրենց գործառույթը։ Ինչո՞ւ ենք գնում այս ճանապարհով։ Փորձը ցույց է տալիս, որ մանր տնկիները չեն կարողանում դիմանալ փողոցային տնկարկներում։ Ասեմ, որ ծառերի փոխարինման գործում ցուցաբերվում է խիստ մասնագիտական մոտեցում։ Իրականացրել ենք համապատասխան սնուցման աշխատանքներ՝ սկզբում ազոտականով, այնուհետև կալյումաֆոսֆորականով, հետո՝ չոր պարարտանյութով։ Նման գրաֆկով աշխատանքներ երբևիցե չեն իրականացվել»,-հավելեց Արթուր Խալաթյանը։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին կանաչ տարածքն ավելացել է շուրջ 20 հեկտարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս