Հայաստանի մարզային քաղաքների բնակչությունը նվազել է 18.4%-ով
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) հրապարակել է Հայաստանի 10 խոշոր քաղաքներում բնակչության թվի ցուցանիշները 2001-ից 2022թթ. կտրվածքով։
Հայաստանում բնակչության թվաքանակը 2001թ-ից 2022թ-ը նվազել է 8.7%-ով՝ հասնելով 2,932,731-ի, ընդ որում՝ բնակչության թվի անկման տեմպը առավել արագ է եղել մարզային քաղաքների դեպքում՝ 18.4%, համեմատության համար՝ դիտարկվող ժամանակահատվածում Երևանի բնակչությունը նվազել է 1.5%-ով, իսկ գյուղական բնակչությունը՝ 7.5%-ով։
Ներկայումս մարզային 47 քաղաքներում ապրում է 785,236 մարդ, բնակչությամբ ամենամեծ քաղաքը Գյումրին է՝ 112,301, իսկ ամենափոքրը՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը՝ 227 բնակչով։
Դիտարկվող ժամանակահատվածում մարզային քաղաքների շրջանում բնակչության թվի ամենամեծ անկումը գրանցվել է Ծաղկաձորում (-38%), որին հաջորդում են Գավառը (-33%), Թալինը (-30%), Վանաձորը (-30%) և Կապանը (-28%)։
2001թ. համեմատ բնակչության թվի աճ է արձանագրվել քաղաքներից հինգում՝ Ագարակ (17 անգամ), Բյուրեղավան (28%), Եղվարդ (6%), Աբովյան (4%) և Արթիկ (0.5%):