«Ռուսական ալիքների փակման հարց այժմ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ընթացքից». ԲՏԱ նախարար
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ ՀՀ-ում ռուսական ալիքների հարցով պետք է քննարկում իրականացնեին, ի՞նչ փուլում են այդ քննարկումները։ Նախարարը, որն ասաց, թե շատ է շտապում, պատասխանեց, թե պետք է հանդիպեն ու կոնսուլտացիաներ անցկացնեն, օրն ու ժամը դեռ հստակեցված չէ, լրացուցիչ կտեղեկացնեն։
Հարցին, թե ո՞ւմ հետ պետք է հանդիպեն, նախարարը պատասխանեց՝ հանդիպումը ռուսական կողմի հետ է, ով որ պատասխանատուն է։
«Բոլոր խախտումներն արձանագրված են, տեղում որ հանդիպենք, արդեն ավելի առարկայական ու բովանդակային կխոսենք։ Փակման հարց այժմ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ընթացքից։ Կոնսուլտացիաները տեղի կունենան այս տարի, նախատեսել ենք անցկացնել Երևանում։ Կոնսուլտացիաները նախաձեռնել է հայկական կողմը, օրակարգը համաձայնագրի կետերի պահպանումն է»,- եզրափակեց Ռոբերտ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին քաղաքացիների հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով ռուսական ալիքների մասին, ասել էր, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ից գործում է համաձայնագիր երկու երկրների կառավարությունների զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին։
«Այդ պայմանագրով կարգավորվում են մեր հարաբերությունները Հայաստանում ռուսական և Ռուսաստանում հայկական հեռուստաալիքների հեռարձակման պայմանների վերաբերյալ։ Այնտեղ կա շատ հստակ կարգավորում՝ երկրի ներքին գործերին միջամտելու, ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն։ Մեր պետական ինստիտուտները, հեռուստատեսային հեռարձակման հանձնաժողովը և ԲՏԱ նախարարությունը վերջին ամիսներին արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք, մեր կարծիքով՝ խախտում են նշված կետերը։
Հաշվի առնելով Հայաստանի ու ՌԴ-ի միջև առկա բարեկամական հարաբերություններն ու առկա իրողությունները՝ ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի մենք քննարկենք այս իրադրությունն ու հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն ելքերը։
Հույս ունեմ՝ այդ խորհրդակցությունները կլինեն արագ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։