Բաժիններ՝

Ռուսական ալիքների վերաբերյալ առաջիկայում քննարկում կունենանք Մոսկվայում. Մխիթար Հայրապետյան

Այսօր խորհրդարանում լրագրողները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեցին, թե տիեզերք  ուղարկված արբանյակը, ի վերջո, ի՞նչ օգուտներ է տվել Հայաստանին մինչև այժմ։

Ի պատասխան՝ ԲՏԱ նախարարն ասաց՝ տևական ժամանակ է՝ այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են Հայաստանի պետական տարբեր գերատեսչություններին։

«Առաջարկում եմ սահմանափակվել այսքանով»,- նշեց Մխիթար Հայրապետյանը։

Նա անդրադարձավ նաև հայկական մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական ալիքներին և հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում խնդրի լուծումը, որ այդ ալիքներով  հակահայկական հաղորդումների են հեռարձակվում։

Կարդացեք նաև

«Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները, և առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ, ինչպես որ ենթադրում է երկկողմ համաձայնագիրը, որի ժամանակ հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները։ Լուծումները բխում են՝ ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ՝ ՀՀ պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ կոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրում ՀՀ ներքին գործերին միջամտություն, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշների նկատմամբ»,- նշեց Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ նման մեկ քննարկում արդեն տեղի է ունեցել նախորդ տարվա վերջին, և այն լուծումները, որոնք ներառված են հայկական կողմի առաջարկների փաթեթում, ենթադրում են նախկինում արված փորձերը։

«Դրանից հետո ոչ միայն որևէ փոփոխություն չի եղել, այլև այսօրինակ հաղորդումները պարբերական բնույթ են կրում։ Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև կանխում այդ տեսակ հաղորդումների՝ չեն աշխատում։ Մեր ռուս գործընկերների հետ հանդիպումներում սա մենք նկատի ենք ունենում և իբրև փաստարկ ներկայացնում ենք»,- նշեց Մխիթար Հայրապետյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ երբ է տեղի ունենալու հանդիպումը։

Նա ընդգծեց, որ կոռեկտությունից ելնելով՝ զերծ կմնա հայկական կողմի առաջարկների ու լուծումների մասին մանրամասներ հայտնելուց։

Տեսանյութեր

Լրահոս