Ազատության հրապարակում արդեն հավաքվել են մեծ ծավալով ստորագրություններ, սակայն թիվը դեռևս հայտնի չէ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ` ժամը 15-ից, Երևանի Ազատության հրապարակում, որտեղ շարունակում է հացադուլ անել ընդդիմադիր շարժման առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան, ընթանում է ստորագրահավաք` «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո:
Այս պահի դրությամբ քանի՞ հոգի է մասնակցել այդ ստորագրահավաքին: 168.am-ի այս հարցին ի պատասխան` «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուշուդյանն ասաց, որ մասնակիցների քանակը դեռ հայտնի չէ: «Այսինքն` ուղղակի չենք հաշվել, բայց արդեն ունենք մեծ ծավալով ստորագրություններ` մի քանի կիլոգրամ լրացված ձևաթղթեր են արդեն հավաքվել: Երբ հաշվենք, անպայման կտեղեկացնենք»,- ասաց նա:
Ավելացնենք, որ մինչ այս պահը չի դադարում այն քաղաքացիների հոսքը, ովքեր ցանկություն են հայտնում ստորագրել նշված հայտարարության տակ: