Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին
ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարար Դոմինիկ Հասլերիի հետ:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է բարձրաստիճան այցերի իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը՝ երկկողմ օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու նպատակով։
«Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր՝ մասնավորապես, հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լիխտենշտայնի նախագահությունն ու առաջնահերթությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները և շեշտել տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված գործընկերների կողմից դրանց աջակցության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ջանքերի կարևորությունը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ Հայաստանում պատշատ ընդունելուն, կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։